Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/560

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այս միջոցին քնած վիպասանը զարթնեց։ Նա երազումը սրանց խոսակցությունը բառացի չէր լսում, այլ ամեն մի բառը լսելիս՝ մի նոր փոփոխություն էր նշմարում երազումը և այնքան արագ էր կատարվում այդ փոփոխությունը, որ նա մի հարյուրերորդական մանրերկրոդի մեջ մի ամբողջ աշխարհք էր պտպտում, այնքան արագ, որ մի բառից հետո մինչև մյուս բառն ասելը նա անցնում էր այդ անհուն տարածությունը։ Օրինակ՝ Շեքսպիրի անունը լսելիս, նա գլխե ի գլուխ անցնում էր նրա բոլոր գրվածներով և իսկույն լսում մյուս բառը։ Նա տեսնում էր ասված մտքերի ընդարձակ պատկերները և այդ պատկերները արագ–արագ իրար էին հաջորդում, ինչ արագությամբ որ բառերն էին հաջորդում իրար։ Չքնած ժամանակն էլ նրա միտքն այդ պատկերացումներն ուներ, միայն երազում նա տեսնում էր, ինչպես աչքով։ Ուրիելի խոսակցությունը մարդկային ձայնով չէր կատարվում, այլ մի անբացատրելի օդային շարժումով, որ մի չլսված մուզիկայի ձայնի էր նման։ Այդ ձայնը քնածի ականջով նրա ուղեղին հասնելով, այնտեղից անդրադառնում էր մարդկային բառերով։

Զարթեցավ մեր վիպասանը և տեղումը նստած՝ երկու ձեռքի մեջն առավ գլուխը և սկսեց միտը բերել, թե որպիսի երազի մեջ էր ընկղմված։ Երազը միտը բերելով՝ նա սկսեց մտմտալ.

— Հրեշտակ, սատանա, բարի և չար ոգիներ։ Մարդ ի՞նչպես իմանա, թե երկուսից որն է իսկապես չար և որը՝ բարի։ Մարդն այնպիսի ստորոգելիք է տվել թե' մեկին և թե՛ մյուսին, որ երբ սկսում ես քննադատել, ամեն ինչ խճճվում է։ Լավ կլիներ, իհարկե, որ չեղած բաներին ոչ մի ստորոգելիք չտային, բայց երբ մի բան են ստեղծում և նրան չար կամ բարի ասում, գոնե պետք էր նախ լավ իմանային, թե ինչն է իսկապես չար և ինչը՝ բարի։ Մարդիկ այդ ստորոգելիքը տվել են այն ժամանակ, երբ բարու և չարի մասին ուղիղ գաղափար չեն ունեցել։ Իսկ մեր ժամանակ Ուրիելն իրավունք ունի ասելու, թե իմ արածս բարություն է և ոչ չարություն։ Ուղիղն ասած, ես ավելի Ուրիելին եմ համակրում, որ իր համար անկախ է և անընկճելի, քան թե Հերմեսին, որ մի կույր գործիք է Զևսի և նրա կնոջ ձեռքին։

— Լսեցի՞ր, Հերմես,— ասաց Ուրիելը,— դե հիմա երթաս բարով, գնա քո Հերայի մոտ և նրան պատմիր Զևսի արարքները, իսկ ես կմնամ սրա մոտ, որ թելադրեմ ավելի առողջ մտքեր։