Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/561

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հերմեսը մռմռալով հեռացավ, վիպասանից խռոված, իսկ Ուրիելը մի պատկերի կերպարանք առավ և կախվեց վիպասանի ննջարանում։ Վիպասանը չլսեց սրանց վերջին խոսակցությունը. և նորից քնեց ավելի քաղցր քնով։ Առավոտյան, երբ զարթեց և տեսավ պատկերը, սկսեց ապուշ-ապուշ նայել նրա վրա և զարմանալ, թե ո՞վ է բերել արդյոք այս պատկերը և ի՞նչ է ներկայացնում սա իսկապես։ Առաջին հայացքից ոչինչ չնշմարեց, բայց հետզհետե ինչեր ասես, որ չտեսավ։ Նրա մեջ պարունակված էր ամբողջ տիեզերքը բոլոր մանրամասնությամբ։ Նա ոչ տպված էր և ոչ նկարած վրձինով, այլ ինքնուրույն մի բան էր, նրա մեջ ամեն ինչ շարժուն էր և կենդանի, և մեր վիպասանը ինչ որ ցանկանում էր, նրա մեջ տեսնում էր իր ուզածի կենդանի պատկերը ամենայն մանրամասնությամբ։ Եվ այնուհետև նա սկսեց վեպ վեպի հետևից լույս հանել մինը քան զմյուսն ավելի հետաքրքրական: Ամենքն էլ զարմացել էին նրա բեղմնավոր գրչի և հանճարի վրա, բայց ոչ ոք չգիտեր, որ նա այդ բոլորը հանում էր կախարդական պատկերից։

1803

ՀԱԶԱՐԱՆ ԲՈՒԼԲՈԻԼ

(Արաբական հեքիաթ)

Իմ ականջս է հասել, ո՛վ բարեբանյալ և բարեկրթյալ թագավոր (պատմում է Շահրազադա թագուհին իր ամուսին Շահրիար թագավորին), որ հին ժամանակներում, վաղուց անցած օրերում, Պարսկաստանումը կենում էր մի թագավոր՝ անունը Խոսրով-շահ, որին մեծ պարգևատուն պարգևել էր հզորություն, ջահելություն ու գեղեցկություն և որի սրտումը դրել էր արդարասիրության այնպիսի զորեղ զգացումն, որ նրա թագավորության ժամանակ ուլն ու վագրը միմյանց հետ հաշտ էին ապրում և կողք-կողքի էին խմում միևնույն վտակից։

Եվ այդ թագավորը, որ սիրում էր անձամբ տեսնել ամենը,