Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/565

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տխրության մեջ, փակվեց իր սենյակում և հրաժարվեց պետական գործերը կատարելուց։ Սուլթանուհին ավելի ևս ընկղմվեց խոր տխրության մեջ, նրա հոգին նվաստացավ, ու սիրտը կոտրվեց։

Իսկ ինչ վերաբերվում է նորածնին, նրան մեր մորաքույրները զամբյուղի մեջ պնդացրին և ձգեցին ջրանցքի մեջ, որ հոսում էր ապարանքի մոտովը։ Բայց հենց այդ ժամանակ, բախտի բերմունքով, սուլթանի այգիների կառավարիչը զբոսնելիս է լինում ջրափին և տեսնում է, որ մի զամբյուղ է տատանվում ջրի ալիքների վրա։ Նա մի կռեչանով դուրս է քաշում զամբյուղը, բաց է անում և տեսնում նրանում մի գեղեցիկ մանուկ։ Եվ զարմանում է նա, ինչպես զարմանում է փարավոնի աղջիկը, երբ Մովսեսին գտնում են եղեգնուտումը։

Այգիների կառավարիչը վաղուց էր ամուսնացել և շատ էր ցանկանում զավակ ունենալ և մինչև անգամ երկու֊երեք երեխա, որ օրհնեին իրանց ստեղծողին։ Բայց նրա ցանկությունը, ինչպես և իր կնոջը, չէր կատարվում։ Եվ նրանք երկուսն է շատ էին տխրում իրանց անզավակության և միայնության համար։ Այս պատճառով ահա, երբ որ կառավարիչը գտավ աննման գեղեցկություն ունեցող երեխային, նա վեր առավ զամբյուղը անսահման ուրախությունով և վազեց մինչև այգու վերջը, ուր գտնվում էր նրա տունը, և կնոջ սենյակը մտնելով, հուզված ձայնով ասաց նրան:

— Խաղաղությո՜ւն քեզ, ո՛վ հորեղբորս աղջիկ։ Թող այս երեխան մեր որդին լինի, ինչպես բախտի տված զավակ։— Եվ պատմեց կնոջը, թե ինչպես է գտել զամբյուղը։

Եվ կառավարիչը վերցրեց երեխային և սիրեց նրան։

Մյուս տարին խեղճ մայրը, որին այնպես անգթաբար խաբել էին և ղրկել իր պտղից, լույս աշխարհք բերավ երկրորդ որդին, առավել ևս գեղեցիկ։ Բայց երկու քույրերը հսկում էին կեղծ ցավակցություն տալով, բայց իսկապես ատելությունով լցված և առաջին անգամվա նման չխնայեցին իրանց քրոջ նորածին զավակին և նրան էլ դրին զամբյուղի մեջ և ձգեցին ջրանցքը։ Իսկ բոլոր պալատականներին ցույց տվին մի կատվի ձագ և հավատացրին, որ ա՛յդ է սուլթանուհու նոր ծնունդը։ Եվ բոլորը շատ զարմացան և շատ տխրեցին։ Իսկ սուլթանը, անսահման ամոթահարված, անկասկած, անձնատուր կլիներ կատաղի զայրացան, եթե անծանոթ լիներ անքննելի արդարության պատվերներին։ Սուլթանուհու սիրտը լիքն էր կսկիծով և հուսահատությամբ։