Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/567

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եվ անվանում էին նրանցից մեկին Ֆարիդ, երկրորդին՝ Ֆարուզ, իսկ աղջկանը՝ Ֆարիզադա։


Ֆարիզադան էր բուն երկնքի ժպիտը։ Նրա մազերի մի կողմն արծաթի էր, իսկ մյուս կողմը՝ ոսկի։ Երբ որ նա լաց էր լինում, գետին ընկած արտասուքի կաթիլները դառնում էին մարգարտի հատիկներ, երբ որ ծիծաղում էր, նրա ծիծաղը հնչում էր ոսկի դինարների ձայնով։


Ահա թե ինչու բոլոր նրան ճանաչողները, ինչպես և հայրը, մայրը և եղբայրները նրա անունը «Ֆարիզադա» ասելիս, միշտ ավելացնում էին՝ «վարդաժպիտ»։


Եվ ամենքը մնացել էին զարմացած նրա գեղեցկությանը, խելքին, հեզությանը, ճարպիկությանը, ինչպես նա էր պահում իրան ձիու վրա, ուղեկցելով եղբայրներին որսի գնալիս, նրա նետ ձգելը, նիզակ բանեցնելը։ Նա հիացնում էր իր վարմունքի վայելչությունով, հյուսած շնորհալի ոտանավորներովը և հայտնի ու ծածուկ գիտությունների հմտությունով և ճոխությունով իր մազերի, որ մի կողմից ոսկի էին և մյուս կողմից արծաթի։


Այսպես զարգանում էին թագավորական այգիների կառավարչի որդիները, իսկ ինքը՝ կառավարիչը, շրջապատված նրանց սիրովն ու հարգանքովը, խնդալով նրանց գեղեցկության վրա, շուտով հասավ խորին ծերության։ Իսկ իր ամուսինը կյանքից իրան բաժին ընկած մասը լրացնելով՝ մեռավ իր ամուսնուց առաջ։ Նրա մահը բոլոր գերդաստանի համար պատճառ դարձավ տխրության ու կսկծի, այնպես որ կառավարիչն այլևս մնալ չուզեց նույն տանը, որտեղ հանգուցյալը ամենի համար խաղաղության ու երջանկության աղբյուր էր։ Գնաց սուլթանի ոտներն ընկավ և աղաչեց, ,որ ազատի նրան այն պաշտոնից, որ այնքան երկար տարիներ կատարել էր։ Սոլթանը տխրեց, որ պիտի բաժանվի իր հավատարիմ ծառայից և ցավելով կատարեց նրա խնդիրը։ Արձակելով նրան, ընծայեց մի հոյակապ կալվածք քաղաքից մոտիկ, ընդարձակ վարելահողերով, անտառներով, արոտատեղերով, ճոխ կահավորված ապարանքով, իրան՝ կառավարչի ձեռքով ճարտարությամբ տնկված այգիով. և լայնարձակ ծառաստանով, շրջապատված բարձր պարիսպով, որի մեջ կենում էին ամեն գույնի թռչուններ և ընտանի ու վայրի կենդանիներ։


Ահա, այդ իսկ կալվածքը քաշվեց առաքինի ծերունին իր որդեգիրներով։ Այստեղ էլ նա մեռավ, շրջապատված իր որդեգիրնե