Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/571

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մտածությունից, որի մեջ ընկղմել էր պառավն իր տված տեղեկությունովը անսովոր առարկաների մասին, և մեկ ուզեց ետ կանչել նրան կամ ինքը վազել հետևիցը, որ ավելի ճիշտ տեղեկություն ստանա զարմանալի առարկաների տեղի մասին, և իմանա, թե ինչ ձևով պետք է ձեռք բերել նրանց, բայց տեսնելով, որ ուշ է արդեն, նա սկսեց լավ միտը բերել պառավի խոսքը և լավ տեղավորել հիշողության մեջ, որ ոչինչ չմոռանա։ Իսկ նրա հոգու մեջ սկսեց սաստկանալ նույն հրաշալիքներին տիրանալու ցանկությունը, և ինչքան որ աշխատում էր նրանց մասին չմտածել, չէր կարողանում։ Շարունակ այն էր մտածում, թե՝ «Երանի՜ մեկ անգամ տեսնեի, որ էլ սրտումս դարդ չմնար»։


Եվ սկսեց թափառել իր այգու ճեմելիքներում և իր սիրած անկյուններում։Բայց նրա աչքում այդ տեղերը կորցրել էին իրանց գրավչությունը և շատ ձանձրալի էին թվում։ Իսկ թռչունների երգեցողությունը, որով դիմավորում էին երգողներն իրանց տիրուհուն, միայն սաստկացնում էին նրա հոգու վիշտը։


Եվ վարդաժպիտ Ֆարիզադան տխրեց և սկսեց արտասվել։ Եվ որքան առաջ էր քայլում և արցունք թափում, նույնքան տեղում, ավազի վրա՝ նրա արցունքի կաթիլները սառչում էին և դառնում մարգարտի հատիկներ։



Վերջապես Ֆարիզադայի եղբայրները վերադարձան որսատեղից և իրանց քրոջը չգտնելով հասմիկի հովանոցումը, ուր նա սովորություն ուներ սպասելու եղբայրների վերադարձին, նրանք նեղացան իրանց քրոջ այս անուշադրության համար և սկսեցին որոնել նրան այգումը։ Եվ տեսան ավազի վրա սառած նրա մարգարիտ դարձած արցունքի կաթիլները և ասացին իրանք իրանց•


- Ավա՜ղ, ինչքա՜ն տխրած պիտի չինի մեր քույրը, բայց ի՜նչ առիթ է ունեցել տխրելու, որ այսքան լաց է եղել։


Եվ գնացին նրանք իրանց քրոջ հետքովը և գտան նրան արտասվելիս ծառաստանի խորքումը։ Վազեցին մոտը և փայփայեցին, աշխատելով ուրախացնել նրան։


Եվ ասացին նրան,–Ով Ֆարիզադա, մեր սիրելի քույր, ո՞ւր են քո ուրախության վարդերը և քո խնդության ոսկին։ Քույրի՛կ, պատասխանի՛ր։


— Ո,՜վ իմ եղբայրնե՜ր...


Բացականչեց Ֆարիզադան և լռեցլ Նա ամաչեց շարունակել