Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/587

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ֆարիզադան սովոր չլինելով սոլթանի չափ մեծ հյուր ընդունելու, մնացել էր շվարած և չգիտեր ինչ աներ։ Իսկույն մտածեց դիմել իր խորհրդակցին՝ Խոսող Թռչունին և ասաց նրան.

- Ո՜վ Հազարան Բուլբուլ, սուլթանն ուզում է գալ մեր տուն, որ մեծ պատիվ է մեզ համար, և մենք պետք է հյուրասիրենք նրան իր մեծության համեմատ։ Սովորեցրու ինձ, ինչպես պիտի անենք, որ նա բավական մնա մեզանից։

Բուլբուլը պատասխանեց.

— Ո՛վ իմ տիրուհիս, չարժե խոհարարուհուդ հրամայել, որ բազմատեսակ կերակուր պատրաստե, որովհետև այսօր թագավորին կարող է դուր գալ միայն մեկ տեսակ կերակուր, նրանով էլ պետք է հյուրասիրել։ Այդ կերակուրը պետք է պատրաստած լինի բորինջանով, մեջը լցրած մարգարիտով…

Ֆարիզադան զարմացավ, և կարծելով, որ թռչունը սխալ է հասկացել բանը, ասաց նրան.

—Թռչուն, թռչուն, այդ ի՞նչ ես ասում, ինչպե՞ս կարելի է մարգարիտ լցնել բորինջանի մեջ, այդ տեսակ կերակուր չի լսված։ Եթե թագավորը մեզ պատիվ է անում և ուզում է մեզ մոտ ճաշել, այդ կնշանակե, որ նա ուտել է ուզում և ոչ կուլ տալ մարգարիտի հատիկներ։ Դու երևի ուզեցիր ասել «բորինջան բրնձով լցրած»։

Բայց Խոսող Թռչունը բացականչեց.

— Ամենևին ո՛չ, ամենևին ո՛չ, լցրած պետք է լինի մարգարիտ և ոչ բրի՜նձ, բրի՜նձ, բրի՜նձ…

Ֆարիզադան, որ ամեն բանում հավատում էր Խոսող Թռչունին, շուտով պատվիրեց պառավ խոհարարուհուն, որ մի պնակ բորինջան եփե, մեջը լցրած մարգարիտի հատիկներով, որ ուներ մեծ քանակությամբ…

Սինչ այդ սուլթանն էլ եկավ Ֆարուզի ուղեկցությամբ։ Ֆարիդը այգու դռանը ընդունեց թագավորին, բռնելով ասպանդակը, իջեցրեց ձիուց։ Իսկ Ֆարիզադան՝ Բուլբուլի խորհրդով՝ երեսը քողով ծածկեց և այդպես մոտեցավ ու համբուրեց սուլթանի ձեռքը։ Սուլթանը շատ զգացված էր նրա սիրալիր ընդունելությունից և այն մաքրությունից, որ բուրում էր նրանից, իբրև թարմ հասմիկից, և հիշելով իր անզավակությունը Ծերության հասակում, արտասուք երևաց աչքերում: Հետո օրհնելով Ֆարիզադային՝ ասաց.