Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/588

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

- Նա, ով իրանից հետո թողնում է հետնորդներ, չի մեռնում, այլ անմահանում է։ Ձեր հայրը մեռած չէ, այլ կենդանի է դեռ, քանի որ ունի ձեզ պես զավակներ։ Ապրիս, զավակս, դե մեզ տար տերևախիտ ծառի տակ, որ մեզ ազատե արևի շոգից։

Ֆարիզադան և իր եղբայրները սուլթանին տարան Երգող Ծառի մոտ, Ոսկեցնցուղ Ջրի ավազանի ափը, որի մոտ էր և Խոսող Թռչունի զրուցարան- հովանոցը, ուր և բազմեցրին նրան։ Մի րոպե կանգ առավ նա ավազանի մոտ և նայելով ոսկեցնցուղ խուրձից վեր ցայտող պաղ ջրի կաթիլներին՝ բացականչեց.-Ինչ հրաշալի ջուր է, ինչքան դուրեկան է նայելը։

Հենց այդ միջոցին լսեց և Երգող Ծառի խմբերգը և հոգով ու մտքով հափշտակվեց նրա երկնային նվագից։ Բայց հենց որ մտավ հովանոցը, ուր կախված էր Հազարան Բուլբուի ոսկե վանդակը, տիրեց խորին լռություն, կարծես համրացավ ամբողջ այգին։ Այդ ժամանակ ահա ձայնը բարձրացրեց Խոսող Թռչունը և սկսեց երգելով ասել. —

Բարո՜վ եկար, Խոսրով-շահ,
Բարո՜վ, բարո՜վ,
Բարո՜վ եկար, Խոսրով-շահ,
Բարո՜վ, բարո՜վ։

Հենց որ Խոսող Թռչունը բարի գալուստ մաղթեց, այգու բոլոր թռչունները արձագանք տվին նրան, ասելով.

Բարո՜վ եկար, բարո՜վ, բարո՜վ։

Սուլթանն այս բոլոր հրաշքների ազդեցության տակ սկսեց բացականչել.

-Սա է երջանկության տունը, այստեղ մարդ ոչ կհիվանդանա, ոչ կծերանա և ոչ կմեռնի։ Սա է երկրային դրախտը։ Ես իմ թագավորությունս կտայի այստեղ, ձեզ հետ ապրելու համար: Եվ երբ որ հարցրեց նա եղած հրաշալիքների մասին, նրան ցույց տվին Երգող Ծառը և Խոսող Թռչունը։ Եվ Ֆարիզադան ասաց.- Սրանց բոլորի մասին ես կպատմեմ, երբ կհանգստանա մեր տեր թագավորը։ Այս ասելուց հետո, Ֆարիզադան գնաց բերելու եփած բորինջանը մի պնակով և դրավ թագավորի աոջևը։

Սուլթանը, որ այդ կերակուրը շատ էր սիրում, զարմացավ, որ իր սիրած կերակուրը մոտ բերին։ Բայց նրա զարմանքը ավելացավ