Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/590

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ո՛վ իմ զավակներս շտապենք մի ժամ առաջ տեսնել ձեր մորը։

Բայց ի՞նչ լեզու կարող է պատմել մոր ուրախության չափը։ Նա, որ սուլթանի աչքից ընկնելով, պալատի մի հեռավոր անկյունում էր բնակվում ընկճված, կուչ եկած, թառամած, այժմ աչքովը տեսնելով իր զավակները, կարծես մեռած տեղից հարություն առավ, մի նո՛ր մարմին հագավ ավելի՛ առույգ և ավելի՛ գեղեցիկ, քան թե երբեմն եղած էր։

Իսկ քույրերը լսելով այդ բանը, մարդկային պատժի չարժանացան, այլ հենց նույն օրը մեռան կատաղությունից։

Եվ թող լինի չարն այնտեղ, բարին այստեղ։

1910

ԽԻԶԱԽԸ ԿԱՄ ԱՆԵՐԿՅՈՒՂԸ
Առաջին տարբերակ
1

Էլել է չի էլել,— սուտն ու ճշմարիտը աստված գիտե,–մի տղա է էլել, անունը Խիզախ։

Հայտնի է, որ կան մարդիկ, որոնք հոտառության զգացմունքից զուրկ են, կան որ կերածի համը չեն իմանում, կան և խուլ ու համր մարդիկ, կան որ զուրկ են աչքի լույսից։ Մեր Խիզախը այդ ամենն ուներ, միայն վախի, երկյուղի, ահ ու սարսափի զգացմունք չուներ։ Մարդիկ կան, որոնք մի անսովոր թրխկոց լսելիս, որոտմունքի, թնդանոթի ու հրացանի ձայն լսելիս՝ ակամա ցնցվում են բոլոր մարմնով։ Խիզախը չուներ այդ զգացմունքը։ Նրա համար միևնույն էր․ թեկուզ գետինքը դղրդար ու բաց աներ իր անհատակ անդունդները, թեկուզ երկինքը փուլ գար, ու բոլոր աստղերը կարկուտի պես թափվեին, նա ոչ աչքը կճպեր, ոչ սիրտը կտրըփար։

Խիզախն աներկյուղ էր։ Բայց մյուս բոլոր զգայարանքները չափից դուրս զարգացած էին նրանում։ Նա աներկյուղ լինելով հանդգնություն ուներ իրան ենթարկելու այնպիսի փորձերի և