Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/596

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ա՜խ, ինչպես կցանկանայի, որ մեկ տեսնեի, թե ինչ բան է երկյուղը։

Պառավը շատ տեղ է տանում տղային, շատերի մոտ աշակերտության տալիս, որ մեկ արհեստ սովորի, բայց նա ոչ մեկի մոտ չի մնում և ասում է մորը.

— Ես ուզում եմ տեսնել, թե ինչ բան է երկյուղը, եթե այդպիսի արհեստավոր կա, ինձ տուր նրա մոտ, ես այնտեղ կկենամ։

— Որդի, երկյուղը ոչ արհեստ է, ոչ արհեստավոր,– ասում է մայրը,– այդ բանը ամեն մարդու սրտում էլ կա, եթե դու ոչ մի բանից չես վախենում, ուրեմն քո սրտումդ երկյուղ ասածը չկա, դու աներկյուղ ես։

— Մայր, այդ երևի լավ բան է, որ ամեն մարդի սրտում էլ կա,— ասում է տղան,– ուզում եմ ես էլ ունենալ, բայց որտե՞ղ գտնեմ, որտե՞ղ ձեռք բերեմ։

— Աստված մի արասցե, որդի, այդպես բան չես անիլ,— ասում է պառավը և երկյուղալի դեմքով բացականչում.—Ո՜… որ իմանաս, ի՜նչ երկյուղալի և սարսափելի բաներ կան աշխարհիս երեսին…

— Որտե՞ղ են այդ սարսափելի բաները, մայր, հապա ինչո՞ւ ես ոչ մեկ անդամ չեմ տեսնում։

— Հապա սարսափելի չե՞ն քառասուն հարամիքը, ամբողջ աշխարհս դողում է նրանց ձեռին, նրանց երկյուղից ոչ ով սիրս չի անում նրանց հողումը ոտք դնել։

— Ուրեմն նրանց որ տեսնեմ, անպատճառ կվախենա՞մ, մայր։

— Աստված մի՛ արասցե, որդի, իհարկե կվախենաս, քար լինի, կհալչի նրանց երկյուղից։

Աներկյուղը մյուս օրը ճանապարհ ընկավ ու գնաց երկյուղ փնտրելու։ Նա ոչինչ չուներ, այլ միայն մի պարկ ուներ շալակին, մի կտոր չոր հաց ուներ կռնատակին և մի չոր մահակ ձեռին։

Ճանապարհին ով որ պատահում էր ու հարցնում, թե ուր ես գնում, նա պատասխանում էր.

— Գնում եմ երկյուղ փնտրելու։

— Գիժ կլինի սա,— ասում էին հանդիպողները և գլխները թափ տալիս։

Աներկյուղը գիժ չէր և ոչ հիմար։ Նա շատ խելոք էր մտածում, բայց երբեք խելոք չէր խոսում, նա տեսնում էր, որ իր շրջապատի մարդիկը բոլորն էլ հիմար են, ոչ մեկն իր նման չի