Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/598

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

- Ո՞ր քամին է բերել քեզ մեզ մոտ֊ հարցրեց նրան ավազակապետը, – ո՞ւր ես գնում և ինչո՞ւ համար ես եկել մեզ մոտ:


Աներկյուղը պատասխանեց.


- Ես ոչնչից չեմ վախենում և չգիտեմ ի՞նչ բան է երկյուղը։ Լսեցի, որ դուք շատ երկյուղալի մարդիկ եք, եկել եմ, որ տեսնեմ թե ինչ կա ձեզանում, որ մարդիկ այնքան վախենում են ձեզանից:


Ավազակապետը ծիծաղեց տղայի պարզամտության վրա և ասաք.


— Մեզանից այն մարդիկն են վախենում, որոնք մի բան ունեն և գիտեն, որ այն բանը մենք պիտի խլենք նրանցից ու զրկենք նրանց իրանց ունեցածից, իրանց սիրած բանից: Իսկ դու որովհետև ոչինչ չունես և զուրկ ես նույնիսկ աստուծո տված խելքից, իհարկե որ չես վախենալ։


— Բայց ես ուզում եմ վախենալ, ինչպե՞ս անեմ, ուրեմն, և ո՞ւր գնամ, որ վախենամ, որ իմանամ, թե ինչ բան է վախը։


- Եթե այդքան ցանկանում ես, մեզ մոտ կաց և կտեսնես։


— Շատ շնորհակալ կլինեմ,— ասաց Աներկյուղը և անձնատուր եղավ ավազակապետին։


Ավազակապետը մի դաժան դեմքով մարդ էր։ Հաստ-հասա ու խիտ մազերով հոնքերը կախ էին ընկած խոր ընկած կոպերի վրա, բայց տակից բորբոքված կրակի նման կայծեր էին արձակում նրա աչքերը։ Կուրծքը լայն էր, ինչպես մի սարի լանջ և բրդբրդոտ, ինչպես խոզի բաշ։ Վիզը այնպես հաստ էր, ինչպես մի մամռապատ կոճղ և այնպես ջլուտ, որ կարծես ցուլի վիզ լիներ։ Եթե Աներկյուղը վախկոտ լիներ, նրան տեսնելուն պես կսարսափեր, բայց ավազակապետը նրան թվաց իբրև մի գոմեշ կամ ուղտ, որոնք չնայած իրանց արտաքին ահռելիությանը, սովոր մարդկանց վրա ոչ մի երկյուղ չեն ազդում, այլ իրանք են վախենում նրանցից։ Աներկյուղն այնպես էր նայում հսկայի վրա, ինչպես գոմեշ խրտնեցնել և վախեցնել ուզող մի երեխա։


— Այս տղան մեզ շատ պետք կգա,— ասաց ավազակապետը մյուսներին։— Մենք սրան կարող ենք լրտես շինել և ուղարկել զանազան տեղեր, ուր մեզ չի կարելի գնալ: Բայց պետք է նախ և առաջ փորձել սրա աներկյուղությունը։


Աներկյուղին սիրով պահպանեցին մի քանի օր. նրան ձիապահի և խոհարարի պաշտոն տվինր,և հետո նրա աներկյուղությունը փորձելու համար ավազակապետն ասաց նրան.