Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/599

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Այս քանի օր է, փորս սաստիկ ցավում է, եթե մի լավ հալվա եփես ինձ համար, ես կուտեմ և կառողջանամ. միայն այդ հալվան պիտի եփես այսինչ գերեզմանատանը գիշեր ժամանակ և այն էլ նոր թաղած մեռելի կողքին։


Այս պատվերը տվավ ավազակը, իսկ ինքը վաղօրոք գնաց մտավ իր ասած գերեզմանումը թաք կացավ։


Երբ լավ մթնեք, Աներկյուղը նույն տեղը կրակ վառեց և սկսեց հալվան եփել։ Շերեփը ձեռին խառնում էր հալվան ու մի երգ մռմռում քթի տակին: Բայց ահա տեսնում է, որ մի բան է խրթխրթում գերեզմանումը, մեկ էլ մեռելը ձեռքը հանում է գերեզմանիցը և մեկնում դեպի տղան, ողորմություն ուզելու պես: Աներկյուղը շերեփը լցնում է հալվայով, փչելով հովացնում և ածում է մեռելի ափը։ Նա ներս է քաշում կուռը, տվածն ուտում է և էլի մեկնում ձեռքը։ Աներկյուղը մեկ էլ է լցնում շերեփը հալվայով, հովացնում և ածում մեռելի ափը։ Այսպես կրկնվում է երեք անգամ։ Բայց չորրորդ անգամ էլ որ մեկնում է, նա փոխանակ հալվայի, կրակոտ խանձուղով խփում է ձեռքին և ասում.


— Քեզ պես անամոթ մեռել չեմ տեսել, բավական է ինչքան որ կերար. բոլորը որ քեզ ուտացնեմ, էլ իմ աղային ի՞նչ տանեմ. եթե որ այդպես ուտելու ախորժակ ունեիր, էլ ո՞ւր էիր մեռնում. երևի բանից ես փախել և ընկել մեռելների կարգը։


Մեռելը մեկ էլ է պարզում ձեռքը։


— Ասացի, որ էլ չեմ տալ, խելք ունես, ձեռքդ ետ քաշիր, թե չէ՛ կրակով կայրեմ։


Մեռելը չուզեց ձեռքը ետ քաշել, Աներկյուղը պինդ բռնեց ձեռքիցը և խանձուղով այրեց։ Հսկան վեր թռավ տեղիցը և ընկավ Աներկյուղի վրա, բայց նա իր անվեհերությունը չկորցրեց, այլ ջուխտ ոտները գրկեց և հսկային գետին գլորեց։ նա վեր կացավ փախավ, որ Աներկյուղը նրան չճանաչի։


Աներկյուղը հալվան տարավ ավազակապետին տվավ և պատմեց մեռելի արարմունքը։


— 0՜... այդպես բան չի լինիլ,— ասաց նա,— երևի վախեցել ես, և աչքիդ այդպես է երևացել։


— Կարելի է,— ասաց Աներկյուղը, չիմանալով, թե ինչ բան է աչքին երևալը.— ուրեմն եթե վախն այդ է, ես նրա գլխին լավ օյին դրի:


Ավազակապետը այս փորձից հետո Աներկյուղին շինեց իր