Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/60

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գնում են կրկին ժայռերը գունդ-գունդ,
Զարկվում նավերին և տանում անդունդ։
Ողջ կորան այսպես ավազակները,
Դեպի անհատակ ծովի խորքերը.
Նրանցից միայն մեկն ազատվեցավ,
Գլուխը պատռած՝ իր երկիրն հասավ.
Եվ այնտեղ այնպես հրաշքներ պատմեց,
Որ լսողներին սարսափեցրեց։
Ահա այս անգութ բարբարոսության
Վերջ տվավ իսպառ մեր զորեղ հսկան։

Գ

Տորքի անունը շատ հռչակվեցավ.
Մինչև արքայի ականջը հասավ.
Մեծ թագավորը կանչում է Տորքին,
Որ պարգևներ տա և նայե դեմքին։
Գնում է Տորքը՝ մի ծառ ուսին դրած.
Ծառի ճղներից էրեներ կախած.
Այնտեղ կար այծյամ ու վայրի ոչխար,
Եղնիկ, եղջերու, վարազ ու կխտար…
Տորքի համբավը առաջ էր գնացել
Եվ քաղաքարցոց նախապատրաստել.
Խանութ ու կրպակ ողջ կողոպտեցին,
Փողով, փողհարով դիմավորեցին.
«Եկա՜վ, հա՜ եկա՜վ, գալի՜ս է, գալի՜ս»։
Ամենքն էլ իրար իմաց են տալիս.
Թե՜ ծեր, թե՜ մանուկ, թե՜ աղջիկ, թե՜ կին,
Եկան տեսնելու նորեկ հսկային։
Երբ Տորքը մտավ մեծ մայրաքաղաք,
Նրան կարծեցին շարժուն աշտարակ.
Իրավ՝ նա ցած չէր աշտարակներից,
Բուրգ էր նա՝ շինված անտաշ քարերից։
Ծառն ուսին դրած գավազանի պես,
Քայլեր էր անում չորս կանգուն ու կես։