Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/602

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

համքարներին և ամեն մի ծախս պետք է քահանան անի և վերջումը հաշիվ ներկայացնի։


Գյուղացու որդին տեսնում է, որ իր խոզեինը խիղճ չունի և իր խոսքի տերը չէ, սա մտածում է, թե երբ որ մի մարդ խիղճ չունի, նա մեռածի հաշվում է, և նա կարող է գնալ քահանային հայտնել, թե իր խոզեինը մեռած է։


* * *


Մյուս առավոտը գործակատարը վաղ գնում է եկեղեցի: Առավոտյան ժամերգությունը վերջանալուց հետո դիմում է քահանային թե՝ խոզեինս վախճանվել է, պետք է բարեկամներին, համքարներին հայտնեք և թաղման ծախսերի պատրաստությունները տեսնել:


Քահանան հայտնում է վաճառականի բոլոր բարեկամներին և համքարներին, որ երեկոյան գան վաճառականի տունը հոգեհանգիստին ներկա լինելու։


Երեկոյան քահանան տիրացուի հետ գնում է վաճառականի տունը և ի՜նչ է տեսնում,— վաճառականը պատշգամբում նստած թեյ է խմում։


— Օրհնյալ տեր, էս ո՞ր խաշից էր, որ դուք մեզ մոտ եք եկել, չէ՞ որ դուք տարեկան երկու անգամ եք գալիս։


— Աստված օրհնեսցե, որդի, անցնում էի ձեր տան մոտով, ուզեցի ձեզ այցելել և ձեր առողջությունը հարցնել։


Վերջապես խոսում են դեսից-դենից և տեսնում են բակի մեջը վեց հոգի եկան և տեսնելով վաճառականին քահանայի հետ խոսելիս, ետ են դառնում դեպի փողոց, հինգ րոպեից հետո գալիս են տասներկու հոգի և տեսնելով վաճառականին և քահանային, դարձյալ փողոց են գնում։ Տասը րոպեից հետո գալիս են տասնութ հոգի և կրկին ետ են դառնում։ Տասնըհինգ րոպեից հետո գալիս են քսանըչորս հոգի և դարձյալ ետ դառնում:


Այս վաճառականը քիչ է մնում, թե խելագարվի:


— Սա ի՞նչ բան է.— կանչում է ծառային, թե՝ գնա այն մարդկանցից մի քանիսին կանչիր։


Գալիս են հինգ-վեց հոգի։


— Ի՞նչի համար եք եկել և գնում։


— Մեզ ասացին, որ դուք մեռել եք, եկել ենք հոգոցի վրա: