Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/603

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Քահանան տեղը կանգնում է և ասում.


— Ես էլ հենց դրա համար եմ եկել։


Մյուս օրը վաճառականը գնում է թագավորի մոտ և հայտնում գործի եղելությունը և ասում, որ իմ գործակատարն ուզում էր ինձ սաղ֊սաղ թաղել, խնդրում է մի դատաստան։


Կանչում են գործակատարին։ Գալիս է գործակատարը։ Գործակատարը պատմում է գործի ամբողջ պատմությունը, թե ինչպես իր հայրը իրան աշակերտ է տվել վաճառականի մոտ և վարձատրության մասին թողել է վաճառականի խղճին։


Թագավորին պատմում է տղան, թե՝ քանի որ էս խոզեինը խիղճ չունի, ինձ համար մեռածի հաշվում է, և ես դիմեցի այդ միջոցին։


Կանչում է թագավորը դահիճներին, թե՝ այս տղային տարեք կախեցեք։


Դահիճները տանում են կախելու։


Թագավորը հարցնում է վաճառականին, թե՝ էլ ուրիշ ասելու ոչինչ չունե՞ք։


— Ոչինչ չունեմ, թող տանեն կախելու, դա ուզում էր ինձ կենդանի թաղել,— ասում է վաճառականը։


Երկրորդ անգամ հարցնում է թագավորը վաճառականին, թե էլ ուրիշ ասելու կամ գանգատ չունե՞ս։


— Ոչ, ոչինչ չունեմ ասելու, թող տանեն կախելու։


Երրորդ անգամ հարցնում է թագավորը և միևնույն պատասխանն է ստանում, թե՝ թող կախեն։


Թագավորը մարդ է ուղարկում դահիճների մոտ, թե՝ ետ բերեք տղային, միք կախիլ։


Թագավորը հրամայում է դահիճներին, թե՝ վաճառականին տարեք կախելու։


Դահիճները տանում են վաճառականին կախելու։


Թագավորը հարցնում է տղային, թե՝ էլ ուրիշ ասելու կամ գանգատ չունե՞ս խոզեինիդ վրա:


Տղան ձայն չէ հանում։


Երկրորդ անգամ ասում է տղային, բայց դարձյալ պատասխան չկա։


Երրորդ անգամ հարցնում է տղային, թե՝ պատասխան տուր, խո էլ ոչինչ չունես ասելու։