Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/607

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տեսավ իր մոտ բարի Աղավնուն: Շատ նայեց վերան և ուզեց խոսել, Աղավնուն գովել, շնորհակալ լինել, բայց մեր բարեսիրտ սիրուն Աղավնին շատ լավ իմացավ Մեղվի միտքը և ոչինչ չուզեց լսել նրանից, այլ թռավ-գնաց, որ ուրիշ տեղ էլ նույն բարիքն անե:


գ) Երախտագիտություն


Մի օր մեր Մեղուն նույն դաշտի միջին մի սիրուն ծաղկից նյութ էր ժողովում և տզտզալով Աղավնուն գովում: Մեղվի հանդեպ, մի ծառի վերա նստած ննջում էր ծանոթ Աղավնին։ Հենց այս ժամանակ Մեղուն նկատեց, որ ահա մեկ մարդ, հրացանը ձեռին, մեջքը կռացրած, չար օձի նման սողում է սուս֊փուս դեպի Աղավնին։ Մեղուն հասկացավ, որ դա չար մարդ է, անգութ որսորդ է, ուզում է սպանել անմեղ թռչունին, իր բարերարին։ Եվ ճշմարիտ, որ այդ էր այն մարդու չար նպատակը։

Որսորդը չոքեց, տեղը պնդացրեց և հրացանը երեսին բռնեց։ Հենց մատը դրեց կայծառի ոտքին և ուզեց քաշել, գործը վերջացնել, այդ իսկ րոպեին կայծակի նման Մեղուն վրա հասավ և չար որսորդի ձեռքն այնպես խայթեց, որ նա վեր ցատկեց։ Նորա հրացանը նշանից շեղվեց և իր թնդյունով անմեղ Աղավնուն քնից զարթնեցրեց ե տեղից թռցրեց։

Այսպես մեր Մեղուն իր բարերարին վերահաս մահից փրկեց, ազատեց:

1882


ԾՈԻՅԼ ՏՂԱ


Թորոսի որդին մի ծույլ տղա էր, ոչ գիր էր սովորում և ոչ մի արհեստ։


- Ի՞նչ արհեստ սովրիմ,— փնթփնթում էր նա,— կլեկչությունը շատ լավ արհեստ է, բայց բոբիկ ոտքով ամանում կանգնել, արագ պտտեք, այդ այնքան հեշտ չէ։ Ավելի հեշտ է փուքսի փչելը, բայց այդ իմ ձեռքում երկար չեն թողնիլ: Վարպետ էլ դառնամ, ի՞նչ