Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/609

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սառած գետինը տաքանում է և սկսում է կանաչել։ Փետացած ծառերը բացվում, փթթում են։ Սար ու ձոր ծլում, ծաղկում է։ Երբ որ տեսնում ես գույն-գույն ծաղիկները արևի տակ փայլելիս, կարծում ես, թե փոքրիկ մանուկներ են ժպտում երեսիդ, ճխում, ճչում, խնդում, ծիծաղում։ Եվ երբ նորեկ երգեցիկ թռչուններն էլ ձայն-ձայնի տված ծլվլում են, կարծում ես, թե բոլոր արարածները ձեռք-ձեռքի տված, պար են գալիս, ցնծում, զվարճանում, գարնան գալը շնորհավորում։


Ով ասես՝ որ անհամբեր չի սպասում գարնան գալուն։ Թե՛ մարդ, թե՛ գազան, թե՛ անասուն և թե՛ թռչուն՝ ամենքն էլ գարնան գալուն են սպասում, ամենքն էլ ուզում են, որ գարունը շուտով գա և իրանց անուշ արև և քաղցր օրեր տա։


Ձմեռվա վերջին ամենի կերակուրը պակասում է — ընտանի կենդանիներին խոտ ու հարդ է պետք — չկա։ Նրանք նիհարում են և մինչև անգամ սովամահ են լինում։ Թեպետ լեզու չունին, որ մեզ նման պարզ ասեն, բայց ամեն անգամ իրանց տիրոջը տեսնելիս՝ այնպես աղիողորմ ձայնով մայում, բառաչում են, որ տիրոջ սիրտը կտոր-կտոր է լինում։


Ի՞նչ անե խեղճ տերը: Էլ մարագումը հարդ չի մնացել, էլ ամառվան դրած ահագին դեզը չկա։


Սրանից լավ վիճակի մեջ չեն լինում և վայրենի անասունները, գազաններն ու թռչունները, և ոչ էլ այն մարդիկը, որոնց ձմեռվա պաշարը հատած է լինում, էլ ոչ վառելու փայտ ու ածուխ են ունե¬ նում և ոչ ուտելու հաց։


Ահա ամենքի այս տեսակ հուսահատած ժամանակը գալիս է գարունը և իր հետ բերում նոր կյանք և ուրախություն։


Այնուհետև ձյունը հալվում է, կապված ճանապարհները բացվում են, գնալ-գալը՝ թե՞ ձիով և թե՞ սայլով, հեշտանում է։


Այնուհետև ով ինչ որ չի գտնում իր գյուղումը, գնում է ուրիշ գյուղից բերում։ Ով որ քաղաք տանելու և վաճառելու բան ունի, հիմա կարողանում է տանել։ Քաղաքոլմն էլ աժանանում է ապրուստի պաշարը։


Ահա թե ինչո՞ւ գարունը սիրելի է բոլոր արարածների համար, մանավանդ մանր ու մրսկան երեխանց համար։


Գարունը մտնում է մարտի իննին և շարունակվում է երեք ամիս։ Գարնան ամիսներն են — մարտ, ապրիլ և մայիս։