Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/61

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այսպես նա հասավ մինչև ապարանք,
Արքայի վրա ազդեք մեծ զարմանք.
Վայր դրավ բեռը, բարձրացավ վերև,
Ծնկաչոք ընկավ արքայի առջև։
Թագավորն ասաց. «Ապրի՛ս, ապրի՛ս, Տորք,
Դու չես մի հատ մարդ, այլ մի ամբողջ զորք
Արքայի ծունկը Տորքը համբուրեց,
Արքան էլ նրա ուսին ձեոք դըրեց։

Դ

Լսել էր արքան, որ հսկա մարդիկ
Չեն լինում խելոք և ոչ էլ ճարպիկ,
Բայց երբ Տորքի հետ լավ ծանոթացավ,
Նա այս կողմանե մի նոր գյուտ արավ,
Տորքին նա պահեց մոտ երեք ամիս,
Հետն էր նստեցնում միշտ ճաշ ուտելիս.
— «Ինչպե՞ս ես կարծում, մեկ օր հարցրեց,-
(Հսկայի խելքը նա փորձել ուզեց)։
Ո՞րն է գերազանց, ո՞ւժը, թե՞ խելքը».
— «Երկուսն էլ լավ են,— ասաց քաջ Տորքը.
«Փոքրիկ ուժի մեջ չի լինիլ մեծ խելք,
Ոչ էլ ուժեղը կլինի անխելք,
Բայց ի՞նչ է խելքը,– ոչ ոք չգիտե,
Անխելքի համար խելոքն անմիտ էլ
Ուրիշ է խելքը գլխապահության,
Եվ ուրիշ՝ խելքը հափշտակության.
Այդ ամենքն ունին՝ թե մարդ, թե գազան,
Թե խելոք չինի, թե անմիտ անբան:
Բայց կա մի այլ խելք, խելք դյուցազնական,
Որ հնարում է, ստեղծում է բան,
Որ մեզ տանում է միշտ դեպի բարին
Եվ մոտեցնում արարչի գահին,
Որ բանեցնում է օդին ու ջրին,
Ծառայեցնում կրակին, հողին,