Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/613

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կա։ Ի՞նչ բան է, օրինակ՝ արտը, եթե ոչ մի խումբ անհամար ցողունների, որոնք իրար վրա հենվելով, իրար վրա շվաք անելով, միասին աճում, միասին հասնում և մեկին վաթսուն և հարյուր պտուղ են տալիս:

Ի՞նչ գեղեցկություն կունենար մի ձմերուկ, եթե նա մեն-մենակ ընկած լիներ մի դաշտի մեջ։ Բայց ուրիշ գեղեցկություն ունի բոստանը, ուր հարյուրավոր ձմերուկներ կողք-կողքի պառկած՝ իրար ականջի քչփչում են, թե այն օրը պարտիզպանը իրանցից քանի հատ պոկեց։ Կարծես անհամբեր սպասում լինին, թե երբ պիտի իրանք էլ կտրվին, բացվին, ու մարդկանց երեսին ծիծաղելով նրանց ծարավը զովացնեն։

Ամառնային ամիսներն են — հունիս, հուլիս և օգոստոս։

1884

ԱՇՈԻՆՔ

Ամառն իր բոլոր պտուղները հասցնելով պահ է տալիս աշունքին, որ ինքը հանգստանա և մյուս տարին էլ նույնքան պտուղ տա։

Շարունակ երկար աշխատությունը երկար էլ հանգստություն է պահանջում։

Գալիս է աշունքը՝ ոչ այնպես ուրախ, ինչպես գարունքը կամ ամառը, և ոչ այնպես տխուր, ինչպես ձմեռը։ Նա լուրջ, խոհեմ կերպով, փորձառու և խելոք մարդու նման հաշիվ է պահանջում իր կրակոտ երիտասարդ եղբորից՝ ամառնի՛ց, ներում է նրա թերությունները, և ինչ որ նա պակաս է լինում թողած, ինքն է լրացնում, որ երբ Ձմեռ պապը գա, նրանից հանդիմանություն չլսի, թե այս չկա այն պակաս է, այսինչ կամ այնինչ գործը դեռ չի լրացրած։

Աշունքը երբ որ տեսնում է, թե պակաս բաներ դեռ կան, փչում է իր փողը և ամենքին նոր գործի է հրավիրում։ Ինքն էլ պարապ չի մնում։ Իր փողի ձայնի հետ նա փչում է ցրտավուն քամին։ Այդ քամին որ դիպչում է ծառերին, նրանց վրա մնացած պտուղները բոլորը թափվում են, հատակներին փռվում, դիզվում: Տերևները