Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/614

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

այդ քամուց դեղնում, սփրթնում են երկյուղից և դողդողալով թափվում, գետնին կուչ գալիս։


Թռչունները շուտով իրանց շահացրած ձագերը ժողովում են, իրար իմաց են տալիս և մեծ-մեծ կարավաններով—խումբ–խումբ, երամ-երամ, շարան-շարան, բույլ-բույլ, կռկռալով, ծվծվալով, կչկչալով թռչում հեռանում դեպի ավելի տաք երկրներ...


Այգեպանը շտապում է իր խաղողը քաղել, գինի քամել, տեղավորել, պահուն մրգերից կախաններ շինել, դեղապետի համար պահել։


Պարտիզպանն էլ իր պարտեզի ու բոստանի մնացած բերքերն է ժողովում, ինչպես — կարտոֆիլը, կաղամբը, սոխը, բողկը, տակը (ճակնդեղ), գազարը (ստեպղին) և մյուս արմտիքը։


Երկրագործն էլ իր ցելերն է կեռավար անում, հազար աղոթքով ու մաղթանքով սերմը հողին պահ տալիս, ցանում, ցաքանում կամ սերմավար անում։ Այնուհետև սկսում է փայտ կրել, եթե փայտ է վառում և ոչ աթար, իր խոտի ու հարդի քանակությանն է նայում, եթե քիչ է, վաղօրոք մի կերպ պատրաստություն տեսնե կամ թե չէ՝ իր տավարն ուրիշին պահ տա։


Գազաններն էլ իրանց բների, որջերի պատրաստությունն են տեսնում։ Որը հին որջն է նորոգում, որը նորն է փորում կամ մի հարմար ծառի խոռոչ ու քարայր որոնում։


Մի կողմից աշունքը շարունակում է իր փողը փչել՝ օրեցօր ավելի սաստիկ, ավելի ցուրտ։ Դաշտերում եղյամն է դնում, սարերի գլխին՝ ձյուն, որ մարդիկ ձմեռվան պատկերը տեսնեն և ավելի շտապեն։ Առաջ հորդ անձրևներ են գալիս, գետերը վարարում, հետո գալիս են մանրամաղ անձրևներ, որոնք ծծվում են ամեն բանի մեջ և մինչև ներքին խավերն են անցնում։ Այդ տեսակ անձրևներից թեպետ կաթում են հողածածկ տները, բայց դրանք շատ օգտակար են նոր ցանած սերմերին։


Աշնանային օրերը քանի գնում, կարճանում և ցրտում են¬ գարնանային օրերի հակառակ, որոնք քանի գնում, երկարանում և տաքանում են — մինչև հասնում է ձմեռը և սար ու ձոր ձյունով ծածկում։


Աշնանային ամիսներն են — սեպտեմբեր, հոկտեմբեր և նոյեմբեր։