Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/623

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նամ։ Այդ բանը գիտեն և տավարները, այդ պատճառով գոմեշների մոտ իրենց միշտ ապահով են զգում։ Դուրսունը իբրև պահապան և պաշտպան տավարների՝ շատ գոմեշների գերազանցում էր յուր ասպետական քաջագործաթյունովը։ Գայլերի հարձակումներից նա ոչ միայն այն ժամանակն էր պաշտպանում տավարներին, երբ որ նրանց մոտն էր լինում, այլ հեռու եղած ժամանակն էլ, երբ որ ականջն էր հասնում հայտնի վտանգավոր գոռոցը, նա մի ակնթարթի մեջ կատաղի վագրի պես վազում էր և օգնություն հասցնում սարսափած նախիրին։ Նա շատ անգամ հարձակվում էր սովից հանդզնացած գայլերի վրա ու նրանց եղջերահար և ոտնահար անում։ Նրա օրինակին էին հետևում և մյուս գոմեշները, և այսպիսով հաղթությունը միշտ իրենց կողմն էր մնում։ Այսպիսով հաղթություններից հետո տավարները միշտ մոտենում էին Դուրսունին և հոտոտում նրանից, դրանով նրանք հայտնում էին իրենց շնորհակալությունը։


4


Դուրսունը իբրև ըմբիշ։ Գոմեշների մենամարտությունը մի զարհուրելի տեսարան է։ Մենամարտության ժամանակ մեր Դուրսունը յուր խելքը կորցնում էր՝ ոչ խելքով, ոչ ծեծով ուշքի չէր բերվում, այլ ավելի ևս տաքանում էր և դառնում մի կատաղի գազան։ Յուր ծանոթ գոմեշներից ոչ մեկը նրան չէր մենամարտում, փորձով գիտեին, թե ինչ գազանի հետ գործ ունին, բայց եթե հանդիպում էր նրան մի անծանոթ և յուր ուժի վերա մեծ համարում ունեցող ամբարտավան գոմեշ, նրան խրատում էր Դուրսունը և շատ անգամ ճանապարհ ձգում ուղղակի դեպի մյուս կյանքը։


Մեկ անգամ մի օտար անծանոթ գոմեշ հեռվից նկատելով Դուրսունին՝ իր քայլերն ուղղեց դեպի նա, բայց այնպիսի մի ձևով՝ որ կարծես գետինը պիտի դողդողա իր ոտների տակ։ Այդ ձևը շատ հարմար էր գալիս նրա հսկայամարմին հասակին։ Նրա եղջյուրները երկարումեկ ձգվել էին վզի ուղղությունով և հասել մինչև էրաթաթերը։ Ամբողջ ճակատը բաց և դուրս պրծած էր, ինչպես մի ահագին թումբ։ Սրա հակառակ Դուրսունի եղջյուրները դեպի առաջ էին թեքված և կեռացած, օր հարկավոր դեպքում վահանաձև գլխի երկու կողմից նիզակների պաշտոն կատարեն։