Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/625

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

շլնքը ծուռ, իսկույն իրենց մեջ փող ժողովեցին և նրա համար մի գոմեշ առան։ Այդ բանում իմ հայրս ավելի օգնեց, որովհետև մեղապարտը մեր Դուրսունն էր։


Դուրսունը լինելով քաջ ըմբիշ, միևնույն ժամանակ և ուժեղ լծկան էր: Հարկավո՞ր էր արդյոք դժվար տեղից մի հսկայական գերան դուրս քաշել, ցեխում և զառիվայրի տակ մնացած ծանր սայլը վերև հանել, կարճ «առավել» ունեցող հողի ակուր մի լծով տեղ հասցնել, ահա այդպիսի նեղ և դժվար տեղերում Դուրսունի օգնությունը անհրաժեշտ էր։ Այդպիսի ծանր ուժ հարկավոր եղած տեղերում, Դուրսունի կողմի լծակաբաժինը միշտ կարճացնում էին, որ ասել է ծանրության երկու բաժինը միշտ նրան էին տալիս, որ ընկերը կարողանա հետը քաշել։ Նա ղալբ չէր, դժվարությունից փախս տալու համար շատերի պես սամիք չէր կոտրատում։ Նրա ժամանակ գյուղումն էլ տուն չմնաց, որ Դուրսուն անունով մի շիշակ չունենար։ Ամենքն էլ անտեղի կերպով իրենց գոմշաձագերի անունը Դուրսուն էին դնում, որ նրա պես քաջ, նրա պես խելոք և ուժեղ լինի։


5


Դուրսունի վարքը։ Լավ վարք ու բարք ունենալը շատ օգտակար բան է։


Գողության սովոր շունը պահող չի ունենա, ղալբ եզր շուտով սպանդանոց կուղարկվի։ Մեր Դուրսունը իր կյանքի վերջին օրերում, իր ավելի խելահաս ժամանակը մի տարօրինակ բնավորություն ստացավ։ Նա սկսեց գողություն անել և այն էլ ոչ թե գոմշավարի, այլ մարդավարի, հասկանալով, որ իր արածը մի արգելված բան է։ Շատ անգամ կեսգիշերին վեր էինք կենում և տեսնում, որ Դուրսունը տավարի մեջ չէ։ Երկյուղ չունենալով ո՛չ գայլից և ո՛չ դողից, էլ չէինք փնտրում, հուսալով, որ ցերեկով կերևա, բայց, ընդհակառակը, Դուրսունի կորուստը մինչև ցերեկ չէր տևում, նա դեռ լույսը չբացված՝ էլի գալիս էր իր տեղը նստում, որպես թե ոչ մի տեղ գնացած չլինի։ Սրա վերա հայրս ասաց, որ Դուրսունը գնում է գողության, բայց դա վտանգավոր բան է, կարող են սպանել, հարկավոր է գիշերները կապել։ Հորս նախազգուշությունը