Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/627

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Դուրսունի մահը։ Մեր Դուրսունը դեռ մի առույգ հասակի մեջ էր, մի սարսափելի ցավ եկավ և անխնա կոտորեց բոլոր տավարներին։ Ահա այդ ցավին զոհ գնաց և մեր Դուրսունը։ Մեր գիտցած բոլոր հնարները գործ դրինք՝ թե՛ արյուն առնել էր, թե՛ սառը ջուր ածել վերան, թե՛ սարբի չորս կողմը պտտեցնել, թե՛ սուրբ հող և օրհնած աղ ուտեցնել, թե՛ մատաղ անել և ճրագ վառել, բայց բոլորը զուր անցավ, Դուրսունը չփրկվեց։ Ես հիշում եմ նրա հիվանդությունը, նրա քաշած չարչարանքը, նրա աղիողորմ նայվածքը։ Այդ տարին քառասուն գլուխ տավար կոտորվեց մեր տանից, բայց մենք ամենքս լաց եղանք միայն Դուրսունի վերա, այնքան սիրելի էր նա։ Հայրս նրա գլուխը չթաղեց մարմնու հետ, այլ կաշվից ու մսից մաքրելով չոր գագաթը ցցեց Աղայի բլրի վերա։


Լավ կենդանի է գոմեշը և շատ օգտակար, բայց մենք մեր ունեցած բաների արժեքը ճանաչել չգիտենք։ Խելոք եվրոպացիների մոտ հիմար անասուներն էլ խելոք են, իսկ մեզ մոտ մեր իմաստուն անասուններն էլ են հիմարանում, որովհետև մենք չգիտենք նրանց գրավել, կրթել, խնամել։


ՄԵՐ ԿԱՐՄԻՐ ՁԻՆ

(Հիշողություն)

I


«Լավ ձին մի մուրազ է», ասում է հայկական առածը։ Ես մեր ժամանակում չտեսա, որ խեղճ մարդը, մշակ ժողովուրդը, գյուղացին մի լավ բան ունենա, մի լավ տուն, մի լավ զարդ, մի լավ ձի, բայց նրա խոսք ու զրուցից երևում է, որ մի ժամանակ նա էլ է ունեցել շատ լավ բաներ, լավ տուն ու տեղ, լավ ապրանք, լավ