Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/628

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

արդուզարդ։ Այդ եղել է երևի այն ժամանակ, երրբ երկիրը տեր ու տիրական չի, ունեցել, մարդիկ ապրել են ով ինչպես ուզեցել է։


Եվ ում որ երազումը տեսնում են լավ ձի հեծած, ասում են՝ նա իր մուրազին կհասնի։ Հարցրու քսան-քսանհինգ տարեկան գյուղացի երիտասարդին, թե ի՞նչ կփափագեիր ունենալ, կասե՝ մեկ լավ ձի ու լավ զենք։ Ծերերը երիտասարդանում են՝ լավ ձի նստելիս։ Ով մի հոգեկան վիշտ ունի, ցանկանում է մի լավ ձի ունենալ և նրանով քամուն տալ սրտի ցավերը։


Իմ հայրս լավ ձի ճանաչող էր, նա իմանում էր լավ ձիու բոլոր նշանները, գիտեր և լավ թալիմ տալ, այսինքն՝ կրթել, մարզել։ Հորս այս հմտությունից օգտվում էին և իր դրացիք, ձի գնելիս՝ միշտ նրա խորհրդին էին դիմում։ Հորս շնորհիվ վատ ձի չեմ աեսել ես մեր տանը, բայց մեկը մի կարգե դուրս բան էր. նա իսկական Քյոհլան էր, այսինքն՝ թոշկան, և հայրս գտել էր նրան պատահմամբ։ Եվ ահա ինչպես։


Մեկ տարի մեր գյուղի հացը շատ պակաս էր։ Գյուղացիք տունը մեկ մարդ վեր կացան գնացին Ախալքալաքի և Շիրակի գյուղերը՝ հունձ անելու հնձավարձով։ Հնձավարձ են ասում, երբ հնձի վարձն առնում են ոչ թե փողով, այլ իրենց հնձածից. քսան խուրձից 4 կամ էլ ավել խուրձ։ Այսպիսի դեպքերում գյուղացիք գիտեն ավելով շահել, որովհետև այդ բախտը կարող է իրանց վիճակվել, մի տարի էլ իրանք կերթան նրանց արտերը հնձելու։


Ահա այստեղ հայրս տեսնում է մեկի տանը մի նիհար քուռակ, մորից որբ մնացած, արտաքուստ ամեն շենք ու շնորհքից զուրկ ե կարծես բարակացավով տանջվելիս լինի։ Հասակով էլ լինում է 5—6 ամսական։ Հայրս զննում է քուռակը, նայում է ոտ ու գլխին, ականջներին, վզին, բաշ ու պոչին, ինչպես բժիշկը կզննի իր հիվանգին և քյոհլա ասված ցեղի բոլոր նշանները գտնում է այս քուռակի վրա, թեև դեռ լավ չզարգացած։ Հարցնում է հոր ու մոր մասին, ասում են՝ չենք տեսել, մենք էլ մի տաճկից ենք առել, փոխարենը մի գառը տալով, բայց հիմա տեսնում ենք, որ սա ապրելու չէ։


Հայրս ասում է՝ սա կապրի, եթե լավ պահող ունենա, և եթե ինձ տաք, ես հինգ մանեթ կտամ։


Ասում են՝ քեզ փեշքեշ, կուզես փող էլ մի տուր։ Մեզ մոտ սա չի ապրիլ։