Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/634

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

- Բայց գիտե՞ս, տեր, նրա չափ որ մեզ էլ կերակրեք, մենք մեղրի տեղ ոսկի կշինենք ձեզ համար։ Դուք ոչ մի կենդանի չունեք, ար իր կերակուրը մեզ նման ինքը լինի շինելիս և ուրիշներին էլ բաժին լինի տալիս։ Այնպես չէ՞, պարոնս։


— Այո, այդ կողմից դու ուղիղ ես. մենք դեպի ձեզ շատ ապերախտ ենք, որովհետև բոլորովին անխնամ ենք թողնում ձեզ...


Մեղուն ուրախացավ տիրոջ պատասխանիցը և թռավ նստեց վարդենու վրա։


ՄԵՂՈԻՆ ՈԻ ՀԱՎԸ


Հավը Մեղվի վրա ծիծաղելով ասաց մեկ անգամ.


— Ինչ անշնորհք ճանճ ես դու, ամբողջ օրը ծաղկից ծաղիկ ես թռչկոտում և ոչ մի բանի պետք չես գալիս։


— Իսկ դու, հավիկ-մարիկ, ի՞նչ ես շինում,— հարցրեց մեղուն։


— Մի՞թե չգիտես, թե ինչ եմ շինում, ես քեզ նման պարապ— սարապ չեմ տզտզում: Ես օրը մեկ ձու եմ ածում, մեկ ձու, գիտե՛ս մեկ ձուն քանիս է։


— Գիտեմ, գիտեմ, հասկացա։ Բայց ես մինչև հիմա կարծել եմ, թե դու օրը հարյուր ձու ես ածում։


— Ինչպե՞ս կարելի է օրը հարյուր ձու ածել, անխելք մեղու։


— Ապա եթե քո ածածդ ընդամենը մի ձու է, էլ ինչո՛ւ ես հարյուր անգամ կչկչում, թե հա՞յ, հարա՜յ, լսեցեք, որ ձու եմ ածել: Իմ կարծիքով՝ այսքան կչկչալուն մի ձուն շատ քիչ է։ Այնպես չէ՛, իմաստուն հավիկ-մարիկ։


— Բայց դու ի՞նչ ես շինում, դու, որ իմ մի ձուն քիչ ես համարում։


— Ես ինչ որ շինում եմ, քեզ պես կչկչալով չեմ հայտնում ուրիշներին։ Ես գլուխս քաշ գցած, մեղր եմ շինում։ Գիտե՛ս ինչ է մեղրը։ Դա հավի կերակուր չէ, քո խելքի բանը չէ, հավիկ-մարիկ։