Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/641

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մարդը գնում է տուն, ուր նրա Բախտն ու Խելքը ասում են միմյանց.— Ոչ մեկս չհաղթվեցինք, երևում է, որ Բախտն ու Խելքը հաջողության և ընդունակության պես միմյանցից անբաժան պետք է լինեին, և Բախտը Խելքով ու Խելքն էլ Բախտով կարող են մարդին մարդ շինել։

1906

ՄԱՅՐ ՈԻ ՈՐԴԻ

Ամառվա տապին մայրն ու իր որդին գնացին այգին։

Որդին՝ Սուրիկը՝ դեռ փոքր մանրիկ, բայց սիրուն, աշխույժ, կայտառ ու ճարպիկ, որսում էր այգում նախշուն թիթեռնիկ, իսկ նրա մայրը, բանվոր ժրաջան, քաղում էր կանաչ, վարունգ, բադրիջան։

Մեկ էլ մանկիկը հանկարծ լալիս է, ողբում, հառաչում և իր մայրիկին խնդրում, աղաչում, որ թիթեռնիկի պոկված թևերը կարի, կարկատի։

— Ես չգիտեի,— ասում է լալով,— որ սրա թևերն այսքան բարակ են. հենց որ բռնեցի, թևերի մեկը ձեռքումս մնաց, մյուսն էլ կտրվեց, մնաց վայր ընկած։ Մայրիկ ջան, մայրիկ, շո՛ւտ արա կարի։

— Այդ չի կարելի, Սուրիկ ջան, որդիս, էլ զուր մի սգալ, դա չի սաղանալ,— ասաց մայրիկը և ավելացրեց.

— Երանի դրանք բոլորն էլ ջնջվին… Դու դեռ չգիտես, թե դրանք առաջ ինչ բան են եղել, մեր բոլոր այգին, տանձն ու խնձորը դեռ կոկոնի մեջ դրանք են կերել։ Դեռ թիթեռ չեղած, դրանք լինում են իրիցի շներ[1], սև ու մազմզոտ և խիստ շատակեր, տգեղ ճիճուներ…

— Իսկ սա այդպես չէ, մայրիկ, այդպես չէ. տես ի՞նչ սիրուն է, ինչպե՞ս խատուտիկ, ես դեռ չեմ տեսել ոչ մի թիթեռնիկ այսքան

  1. Թրթուրներին շատ տեղերում անվանում են «իրիցի շուն»…