Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/643

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Գրել-կարդալը թող Լուսիկը սովորի, ես պետք է զինվոր դառնամ։

— Լուսիկը իր համար կսովորի, իսկ դու՝ քեզ համար։

— Ոչ, թող Լուսիկը իր համար էլ սովորի, ինձ համար էլ:

— Ուրեմն դու էլ հաց չուտես, թող Լուսիկը իր համար էլ ուտի, քեզ համար էլ։

— Ո՛չ, մայրիկ, այդ ինչպես կարելի է։

— Իհարկե, չի կարելի։ Ուտողն ինքը կկշտանա, իսկ չուտողը կմնա քաղցած: Այսպես, սովորողը ինքը կսովորի, կխելոքանա, իսկ չսովորողը կմնա անուսում, անգետ ու անխելք։ Ով աշխատի, նա կուտի:

— Հասկացա, մայրիկ։ Ով աշխատի, նա կուտի, իսկ ով որ չաշխատի, նրան հաց չեն տալ, որ ուտի։ Բայց որ զոռով խլե՞ն մայրիկ, էն ժամանակ ի՞նչ կարող ենք անել։

— Այն ժամանակ կպաշտպանվենք։

— Ինչո՞վ, ինչպե՞ս։

— Ձեռքով, ոտքով, քարով, փայտով…

— Իսկ ես, մայրիկ, դանակո՜վ։

1907

ԽՈԶ ՈԻ ՈՉԽԱՐ


Խոզը ոչխարի կշտին արմատներ էր ուտում։ Ոչխարը տեսնում է նրան ու ասում.

— Մերունիկ, ինչու խոտ չես ուտում։

— Ես կուշտ եմ,— ասում է խոզը։

— Որ կուշտ ես, ինչո՞ւ արմատներ ես ուտում:

— Արմատները անուշ են, չարազ եմ անում,— ասում է խոզը, որ ամեն ինչ ուտում էր։

1908