Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/647

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Չորրորդ ճառագայթը փեթակի վրա ընկավ։ Մեղուները տաքացան և դուրս ընկնելով դես ու դեն թռան տզտզալով, որ մեղրածոր ծաղիկներից իրենց սնունդն ստանան։

Հինգերորդ ճառագայթն ընկավ մի ժիր մանուկի անկողնու վրա և սկսեց նրա աչքերը ծակծկել. նա վեր թռավ տեղից և շտապով պատրաստվեց ուսումնարան գնալու։

ՄՐՋՅՈԻՆՆ ՈԻ ԼՈԻՆ

Մրջյունն ու լուն եղբայրացան և միասին գնացին դաշտ զբոսնելու։ Այդտեղ դրանք դեմ առան մի առվի։

Լուն ասաց.- Ես մի ոստյունով կարող եմ թռչել առվի մյուս կողմը, իսկ դու ի՞նչ կանես։

- Ես էլ կարող եմ ցատկել,- ասաց մրջյունը։

Լուն կուչ եկավ, բոլոր ուժը հավաքեց ու հանկարծ թռավ առվի մյուս կողմը։ Մրջյունը նույնպես բոլոր ուժը հավաքեց, ցատկեց ու ընկավ առուն։ Նրա բախտիցը ջրի մեջ մի թուփ խոտ կար բսած, ընկավ խոտի վրա և խեղդվելուց ազատվեց, բայց տեսավ որ չպիտի կարողանա ցատկել մյուս կողմը, կանչեց լու եղբորը և ասաց.

- Սիրելի եղբայր ջուրը կմեծանա ու ինձ կխեղդի, մի ճար արա, այս փորձանքիցն ինձ ազատիր։

Լուն թռչկոտելով հասավ խոզին ու ասաց.

- Խոզիկ-խոզիկ, մազիկ տուր, մազից շինեմ մի պարան, պարանը գցեմ առուն, մրջյուն եղբորս ազատեմ։

Խոզը պատասխանեց.

- Եթե ինձ համար կաղին կբերե՜ս…

Լուն թռչկոտելով հասավ կաղնի ծառին ու ասաց.

- Կաղնի-կաղնի, կաղին տուր, կաղինը տամ խոզիկին, խոզիկը ինձ մազիկ տա, մաղից շինեմ մի պարան, պարանը գցեմ առուն, մրջյուն եղբորս ազատեմ։

Կաղնին պատասխանեց.

- Եթե ագռավին իմ վրայից կքշե՜ս…

Լուն թռչկոտելով ագռավին հասավ և ասաց. - Ագռավ-ագռավ, կաղնուն թող, կաղնին ինձ կաղին տա,