Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/648

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կաղինը տամ խոզիկին, խոզիկն ինձ մազիկ տա, մազից շինեմ մի պարան, պարանը գցեմ առուն, մրջյուն եղբորս ազատեմ:


Ագռավը պատասխանեց.


— Եթե ինձ համար հավի ձագիկ կբերե՜ս...


Լուն թռչկոտելով հասավ հավին և ասաց.


— Հավիկ-հավիկ, ձագիկ տուր, ձագիկը տամ ագռավին, ագռավը քաշվի կաղնուց, կաղնին ինձ կաղին տա, կաղինը տամ խոզիկին, խոզիկը ինձ մազիկ տա, մազից շինեմ մի պարան, պարանը գցեմ առուն, մրջյուն եղբորս ազատեմ։


Հավը պատասխանեց.


— Եթե ինձ համար կուտ կբերե՜ս...


Լուն թռչկոտելով հասավ ցորնահորի մոտ և ասաց.


— Հորիկ-հորիկ, կուտիկ տուր, կուտիկը տանեմ հավին տամ, հավիկը ինձ ձագիկ տա, ձագիկը տամ ագռավին, ագռավը քաշվի կաղնուց, կաղնին ինձ կաղին տա, կաղինը տամ խոզիկին, խոզիկը ինձ մազիկ տա, մազից շինեմ մի պարան, գցեմ առուն, մրջյուն եղբորս ազատեմ։


Հորը պատասխանեց.


— Եթե մուկը ինձանից կհեռացնե՜ս...


Լուն թռչկոտելով հասավ մկանը և ասաց.


— Մուկիկ-մուկիկ, ինձ լսի, ցորենի հորին մի դիպչիր, որ հորիկն ինձ կուտիկ տա, կուտիկը տամ հավիկին, հավիկը ինձ ձագիկ տա, ձագիկը տամ ագռավին, ագռավը քաշվի կաղնուց, կաղնին ինձ կաղին տա, կաղինը տամ խոզիկին, խոզիկը ինձ մազիկ տա, մազից շինեմ մի պարան, պարանը գցեմ առուն, մրջյուն եղբորս ազատեմ։


Մուկը պատասխանեց.


— Եթե ինձ կատվից կազատե՜ս...


Լուն թռչկոտելով հասավ կատվին և ասաց.


— Կատվիկ-կատվիկ, թող մուկին, մուկը քաշվի հորիցը, որ հորիկն ինձ կուտիկ տա, կուտը տանեմ հավին տամ, հավիկը ինձ ձագիկ տա, ձագիկը տամ ագռավին, ագռավը քաշվի կաղնուց, կաղնին ինձ կաղին տա, կաղինը տամ խոզիկին, խոզիկը ինձ մազիկ տա, մազից շինեմ մի պարան, պարանը գցեմ առուն, մրջյուն եղբորս ազատեմ։


Կատուն պատասխանեց.


— Եթե ինձ համար կաթ կբերե՜ս...