Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/77

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Թող Հայկանուշը ա՛յլ բան պահանջե,
Եվ ոչ իմ եղբարց արյունը ուզե.
Ինչ որ կարող է մարդ անել սիրով,
Նույնն անել կարող չէ նա իր ուժով։
Թող ուժը լինի մարդուս օգնական,
Բայց սերը լինի միշտ գործածական.
Այս մարդիկն ահա անխարդախ սիրով
Ինձ կաշկանդեցին սուրբ աղ ու հացով»։

Գ

Չորս օրից հետո Տորքը բացվեցավ,
Հսկաների հետ այսպես խոսեցավ,—
- Սիրելի եղբայրք, չորս օր է անցել,
Բայց դուք իմ մասին բան չեք իմացել,
Թե ի՞նչ պատճառով, ինչի՞ց ստիպված,
Ես թափառում եմ սար ու ձոր ընկած։
Դուք ինձ ցույց տվիք սեր, ուրախություն,
Քաջերին վայել հյուրասիրություն.
Աստված շե՜ն պահե ձեր տուն ու տեղը,
Հաստատ պահե ձեր սերունդն ու ցեղը.
Ձեզ մոտ եկել եմ ես մի խնդիրքով,
Պատմեմ ահա ձեզ մի քանի խոսքով։
Ուփրեթ բերդումը,— տեղյակ կըլինիք,—
Կենում է մենակ մի սիրուն աղջիկ,
Նրան ընտրել եմ ես ինձ հարսնացու,
Ուզում եմ առնել առանց կռվելու.
Եկել եմ հիմա ձեր ոտքն ընկել,
Ձեր օգնությանն ու խորհրդին դիմել:
Կա՛մ ինձ մորթեցեք, թաղեցեք այստեղ,
Կա՛մ եկեք գնանք ինձ հետ միատեղ,
Որ առանց կռվի առնենք մի աղջիկ,
Խաղաղ ու սիրով կատարենք հարսնիք։
Լռեց մեր հսկան, խոսեց ծերունին.