Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/78

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Տղերք,— ասաց նա մյուս հսկաներին.—
Հին հեքիաթներում լսած կըլինիք,
Երբ մարդուկները ուզում են աղջիկ,
Եվ այն աղջըկան փախցնում են դևեր,
Տանում մութ աշխարհ կամ մթին ձորեր,
Մարդուկն այնտեղից հանում է նրան,
Եվ դառնում նրա քաջագործ փեսան:
Մի մեծ պարծանք է, երբ թզուկ մարդիկ
Ուժով ու կռվով առնում են աղջիկ.
Բայց ի՞նչ պարծանք է, որ զորեղ հսկան
Իր ուժը ցույց տա ապագա կնկան.
Դրա հակառակ՝ եթե ցույց տար սեր,
Այդ ճշմարիտ որ պարծանք կըլիներ:
Ես շատ հավան եմ մեր հյուրի մտքին,
Այսպե՜ս է վայել վեհանձն հսկային:
Մեր Հայկանուշը չէ՛ մութ աշխարհում,
Եվ ոչ գերի է դևերի ձեռքում.
Նա ինքնագլուխ, անկախ, ինքնիշխան,
Կենում է բերդումն իր հայրենական.
Գնացեք ուրեմն քաղցրությամբ, սիրով,
Ուրախ ու զվարթ, երգով ու պարով,
Առաջարկեցեք համառ աղջկան,
Որ տեղիք չըտա մենամարտության:
Ես էլ ձեր հետքից խոնջացած ոտքով
Կըգամ օրհնելու պսակն իմ ձեռքով.
Թողեք ձեր հետ գան տղերք, աղջըկերք,
Որ այնտեղ սարքեն գեղեցիկ պարերգ:
Լռեց ծերունին, քարայրը թնդաց.
Գնա՜նք, հա՜յ գնանք,— ամեն ձայն գոռաց.
— Ես համաձայն չե՛մ,— գոչեց մի հսկա,
Որ թիկն էր տված մի ժայռի վըրա,—
Հայկանուշն ունի քսան փեսացու,
Մինը մեկէլից զորեղ, ահարկու.
Այդ գազանները գլուխ վեր առած,
Միշտ թափառում են սար ու ձոր ընկած.
Ծոբոփորցիք են, անխելք ու անբան.
Մարդավարության չունին հետք, նշան.