Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/80

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Թնդաց Ուփրեթը, դղրդաց սար, ձոր,
Եվ ձայնը հասավ մինչև Ծոբոփոր:
 Ծոբոփորեցի քսան աժդահա
Լույսը չբացված՝ եկել են ահա.
Բերդի պատի տակ իրարից հեռու
Շնթռել են իբրև գազան ահարկու:
Մերոնք էլ եկան Տորքի հետ մեկտեղ
Մինչև երեսուն հսկաներ ահեղ:
Ծոբոփորեցոց Տորքը բարևեց,
Ոչ ոք բարևին չըպատասխանեց.
— «Բարև՛ ձեզ, եղբայրք», կրկնում է Տորքը,
Որ տեսնի նրանց մարդկության շնորհքը.
Դարձյալ լռություն, ոչի՛նչ ձայն, ծպտուն.
Կարծես մարդիկ չեն, այլ համր անասուն:
 — «Ես ազգականն եմ այս Հայկանուշի,
Եվ այսօր սրան պիտի տամ մարդի.
Եթե դուք էլ եք փեսացուներից,
Պետք է չըփախչիք ըմբշական մարտից.
Մեկը կը հաղթե մեկէլ ուզողին,
Աղջիկը կըմնա վերջին հաղթողին.
Եթե ուզող եք, եկեք ներս գնացեք,
Աղջկա առջև մենամարտեցեք»:
 Ծոբոփորեցիք իսկույն վեր թռան,
Եվ ներս խուժեցին փղերի նման:
Բոլոր հյուրերը բարձրացան վերև,
Իսկ ըմբիշները կանգնեցին ներքև.
Ամենից վերջը Տորքը վեր ելավ,
Եվ Հայկանուշին զեկուցում տվավ.—
— «Բացի հյուրերից եկել են ահա
Իրանց կամքովը քսան աժդահա.
Թող սրանք կռվեն, իսկ մենք կընայենք,
Եվ վերջինի հետ հաշիվ կըտեսնենք»:
— «Հիմա թողեք ինձ,— ասաց ծերունին,
Որ հասկացնեմ մեր այս քաջերին
Ուղիղ կանոնը մենամարտության,
Որ արգելք չըլնին մեր ուրախության.
Եվ հասկացրեց, որ վիճակ ձըգեն,