Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/82

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Իսկ տասներորդը տասնին վայր ձգեց.
Անունն Ավագ էր, ամենից զորեղ,
Սա պիտի հաղթեր և Տորքին ահեղ։

Ե

Տորքը վեր կոչեց Ավագ հսկային,
Եվ նստեցրեց նրան իր կողքին.
— «Դու եղար հաղթող,― ասաց մեր հսկան։ —
Քեզ արժանի է պարգև պատվական.
Bայց դարձյալ մեկին դու պիտի հաղթես,
Որ մրցանակը լրիվ վաստակես.
Եթե դու ինձ հետ կռվել չուզենաս,
Դարձյալ մեր այս տան փեսա կըդառնաս.
Այս աղջիկներից մեկը քեզ կըտամ,
Եվ քեզ հետ սիրով եղբայր կըդառնամ»։
— «Իսկ Հայկանուշին դու ինքըդ կառնես,
Եվ խաղ ու պարով հարսանիք կանես.
Ես համաձայն չեմ. կըկռվենք մեկտեղ,
Թեկուզ դու լինիս ինձանից զորեղ.
Թող Հայկանուշի համար ես մեռնիմ,
Բայց ոչ ուրիշի ամուսին լինիմ.
Կամ պետք է հաղթել և կամ թե մեռնել,
Հաղթահարություն չեմ կարող տանել»։ —
— Հոգնած ես այսօր, դեռ հանգստացիր,
Ու ինձ հետ փոքր-ինչ մոտ ծանոթացիր,
Եվ այնուհետև երբ որ ուզենաս,
Ինձ միշտ հրամանիդ պատրաստ կունենաս։ —
— «Շատ լավ պայման է,— ասաց ծեր հսկան,
Ձեր մրցությունը կըթողնենք վաղվան»։—
Ծեր հսկայի խոսքն ըմբիշն ընդունեց,
Եվ իսկույն մի ճոխ սեղան պատրաստվեց,
Կանչեցին և մյուս աժդահաներին,
Որ հացկերույթին մասնակից լինին․
Կերան, կշտացան և զվարթացան.
Հոգնածություններն իսպառ մոռացան։