Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/84

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ես արժանի չեմ,—ասաց Ավագը,–
Քանի որ մեր մեջ կա հզոր Տորքը.
Նա բարձր է կանգնած ամեն նախանձից,
Այդ երևեցավ հիմիկվան խաղից.
Սա մարմնեղեն չէ, այլ ժայռից կազմված,
Կամ թե՝ ո՞վ գիտե՝ մա՞րդ է, թե՞ աստված.
Մենք պաշտել միայն կարող ենք սըրան,
Եվ ոչ թե դառնալ ախոյան մրցման։ —
— Ես զարմանում եմ,— ասաց ծերունին,—
Ծոբոփորեցիք այդչափ խելք չունի։
— Ծոբոփորեցի չե՛մ, ասաց Ավագը,
Մեր գյուղն է Բողնու Երկաթահանքը։
— Այդպե՜ս ասեիր,— ուրեմն հիմա՝
Ինչպես Տորքն ասաց՝ կդառնաս փեսա,
Կընտրես քսանից որին կամենաս,
Եվ հզոր Տորքին եղբայր կըդառնաս։
— Դեռ ժամանակ չէ, երբ Տորքն ուզենա,
Ես ուրախությամբ կըդառնամ ծառա։
  Հոզվեցավ Տորքը, իսկույն վեր կացավ,
Հսկայի ճակտին մի համբույր տվավ.
«Եղբայր ենք», ասաց, և գգվեց նրան,
Ինչպես գթոտ մայր՝ իր սիրուն մանկան,
— «Իսկ դու, Հայկանուշ,— դարձավ ծերունին
Ուրախ ժպիտով դեպի տիրուհին,—
Ի՞նչ առիթ ունիս հիմի բերելու.
Միտք չունի՞ս արդյոք մենամարտելու։
— Ես հնազանդ եմ, ինչպես որ վճռես,
Կըմենամարտեմ, եթե հրամայես։
— Ես կըհրամայեմ, որ մեր օրենքով
Մրցեք իրար հետ, բայց… սիրո՛ զենքով.
Թող սերը լինի ձեր զենքը մի հատ,
Սիրեցեք միմյանց մինըդ մյուսից շատ.
Դու նրան պաշտպա՛ն, նա քեզ պահապա՛ն,—
Ահա օրենքը սուրբ ամուսնության։
Ծերունու առջև Տորք և Հայկանուշ
Չորեցին ինչպես երեխայք քնքուշ.