Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/85

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կաղնի պսակներն առավ ծերունին
Օրհնելով գրավ երկուսի գլխին.
— Հա՜պա, ե՜րեխերք, թմբուկ ու փողեր
Հնչեցեք մեկտեղ, թող թնդան ձորեր․․․

է

Այսպիսի երկար զրույցի վերջում
Երկնքից երեք խնձոր է ընկնում
Բայց մեր զրույցի վերջումն այս անգամ
Վերևից եկավ մի հզոր պատգամ։
Գուգարաց բդեշխն իր այրուձիով,
Եկավ արքայի հրովարտակով.
Ահա բաց արավ մի երկայն գլան,
Մջիցը հանեց գիրն արքայական.
Իր այդ գրովը արքայն ինքնակալ
Կարգել էր Տորքին հզոր կուսակալ,
Եվ իր աշխարհի մասն արևմտյան
Հանձնել էր նրա կառավարության։
Կարդացին գիրը առանձին պատվով,
Տորքն էլ ընդունեց մեծ պատկառանքով։
Եվ այլ թանկագին ընծաներ պեսպես,
Հանեց բդեշխը և բերավ հանդես.
Բերել են մանյակ, գինդ, ապարանջան,
Գոհար ակներով մատնիք պատվական ,
Կարմիր մաշիկներ մեր Տորքի համար,
Իր նոր ստացած պաշտոնին հարմար,
Մի հսկայական սամուրե մուշտակ.
Ոսկի և արծաթ մի հարյուր քսակ.
Իսկ Հայկանուշին՝ շղարշ ծիրանի,
Եվ արքայական հակինթ մատանի.
Եվ մանըր մըժուր զարդեր զանազան
(Որ թագուհին էր ուղարկել նրան)։
Ինքը բդեշխը՝ մեծագանձ, հարուստ,
Ընծայեց Տորքին իշխանի հագուստ։