Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/88

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Տերտե՛ր, էգուց էլ՝ ամեն տարվա նման՝ շատ տեղերից ախտավորներ կգան, չէ՞։

Տեր հայրը փոխանակ լեզվով պատասխանելու, գլխով արավ, որովհետև նա իր կիսատ թողած սաղմոսներն էր մտքումը մրմնջում, բայց Արությունին այդքանն էլ բավական էր։ Նա իսկույն մի ուրիշ ճանապարհով վազեց մինչև տուն, որ մի րոպե առաջ հայտ֊նե մյուս երեխաներին, թե ինչքան ուրախ է ինքը… Մյուս օրը՝ կյուրակի առավոտը՝ կարելի էր տեսնել ուխտավորների մեծ բազմություն։ Շամշոլլդու եռանկյունի բերդը, որի հիմնարկաթյան ժամանակը պատմությունը տալիս է Հայկ դյուցազնի որդան՝ Հարթլոս նահապետին, ընկած է մեջտեղը Խրամ և ճավճավ ասված գետերի, որոնք իրանց խառնուրդով պատում են բերդի երեք կողմից անդընգաձև բնական պարիսպներով։ Բերդի արևմտյան կողմից միայն՝ կիսով չափ փչած հաստ պատի մեջտեղով՝ բացած էր մի մեծ գուռն, որով ներս էին մտնում ջերմեռանդ ուխտավորները և հավաքվում Աստվածածնի դռանը: Այս եկեղեցին մի փոքրիկ մատուռաձև շինություն է, և ներսը ավագ կողմին կանգնեցրած է մի սևագույն, բավականին լայն ու երկայն որձաքար։ Քարի վերա եղած արձանագրության խոսքով նա անվանվում է «Զուհար խաչ» և շինած է Սմբատ իշխանի ձեռով մեզանից մի հազար տարի առաջ, բայց ժողովրդի մեջ եղած ավանդությունը այգ քարին տալիս է հրաշալի ծագումն.

«Այդ քարը բուսել է ինքն իրան, ասում է ավանդությունը, և սկսել է օրեց օր երկայնանալ»։ Ուզենալով յուր նշանակությունը հայտնել ժողովրդին, մեկին երևացել է երազումը և ասել է նրան՝ «Եթե ինձ վերա եկեղեցի չեք շինել, ես այնքան կբարձրանամ, որ գլուխս կհասնի մինչև երկինք»… Երազատեսը պատմել է ժողովրդին, և ժողովուրդն էլ՝ վախենալով՝ թե միգուցե՝ ճշմարիտ՝ ասածի չափ բարձրանա և ժամանակով վայր ընկնի իրանց գլխին, շտապել են եկեղեցի շինել, և քարը դադարեցրել է իր երկայնանալը։ Մի կողմից տղա ու աղջիկ, հարսն ու երիտասարդ, պառավ ու ծեր միմյանց սեղմելով՝ մոմեր էին վառում հիշած քարի վերա, մյուս կողմից տեր հայրը կատարում էր պատարագի սրբազան արարողությունը։ Իսկ Արությունը՝ բուրվառը ձեռին՝ համ սարկավագություն էր անում: Համ վառոտած մոմեր էր պոկոտում գցում ջրով, դրած ամանի՝ մեջը…