Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/9

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՃԱԽԱՐԱԿ

Մանի՜ր, մանի՜ր, ի՜մ ճախարակ,
Մանիր սիպտակ մալանչներ,
Մանիր թելեր հաստ ու բարակ,
Որ ես հոգամ իմ ցավեր։

Ձեթ եմ ածել ականջներըդ,
Նոր շինել եմ շրտըվիկ,
Դե՜հ, շո՜ւտ շարժիր լայն թևերըդ,
Աստեր շինիր սըրուլիկ:

Մանի՜ր, մանիր, ի՜մ ճախարակ,
Լիսեռնիկըդ պտրտիր,
Մանիր թելեր հաստ ու բարակ,
Իլկիդ վըրա փաթաթիր։

Տիգրանիկըս գուլպա չունի.
Հանդ է գնում ոտաբաց,
Գաբրիելըս չուխա չունի,
Միշտ անում է սուգ ու լաց։

Մանի՜ր, մանի՜ր, ի՜մ ճախարակ,
Մանիր սիպտակ փաթիլներ,
Մանիր թելեր հաստ ու բարակ,
Որ ես հոգամ իմ ցավեր։

Չըվալ չունինք, չաթու չունինք,
Ոչ սամոտեն, ոչ պարան,
Այսպես աղքատ դեռ եղած չենք,
Կտրվել է ամեն բան։

Դեռ հարս էի, որ գործեցի
Քանի կարպետ, խալիչա,
Բայց դրանցից շուտ զրկվեցի,
Հիմա չունիմ մի քեչա։