Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/93

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

– Հա՜… մեռնեմ խաչի ողորմությունին, իմ երեսս դրա ոտի տակը…— ասաց Մանվելը երկյուղից սփրթնելով և երեսին խաչ անելով, և սկսեցին ավելի հեռանալ մինչև հասան Խրամի ձորափը։

– Արի էստեղ մի քիչ նստենք, Արություն,– ասաց Մանվելը։

– Ո’չ, Մանվել, գնանք, տեսնո՞ւմ ես էն մեկմեկու վրա դրված երեք քարերը, գնանք նրանց վերա նստենք…

– Ո՜ւհ, էս ինչպե՞ս են իրար վերա դրել էս ահագին քարերը…

– Սրանց համար ասում են՝ «երկու եղբայր են եղել, մեկ էլ մեկ քույր են ունեցել։ Երկու եղբայրները երկուսով ներքևի երկու քարը իրար վրա են դրել, երրորդը չեն կարացել. հետո իրանց քույրը եկել է մի ձեռով վերցրել դրել դրանց վերա…

– Ո՜ւհ, ինչքա՜ն ուժով է եղել… ով գիտե, որ երեք գյուղ հավաքվեն մեծով փոքրով, էլի չկարենան տեղիցը շարժել։ Մեր պատանիքը վեր բարձրացան, նստեցան երեք քարի վերա և սկսեցին նայել իրանց առաջով ընկած անդնդաձև խորության վրա, որի միջով Խրամ գետը փրփրուն երեսին գնում էր վշշալով…

– Տեսնո՞ւմ ես ինչ լավ տեղ է,— ասաց Արությունը, ձեռը մեկնելով դեպի Խրամի պատերը։— Ահա էն քարքարուտ տեղը լիքն է նռնով ու թգնով, բայց ոչ ոք չի կարող գնալ քաղելու, ճանապարհ չկա։ Տեսնո՞ւմ ես էն ծակերը, նրանք գաղեք են (քարայրեր), ահ ժամանակներին նրանցում մարդիկ են էլել կենալիս, երևի առաջ հեշտ է էլել էդպես տեղեր բարձրանալու։ Հիմի էլ ով որ քաջ քարագնաց է, կարողանում է գնալ էդպես տեղերը։ Ասում են՝ շատ անգամ արծաթ, պղինձ, հին դրվածքներ շատ են գտնումգրանցում…

– Բայց մեկը որ վեր ընկնի էդ ահագին բարձրությունից, ով գիտե մեծ պատառն ականջը մնա։ Մի բան ասե՞մ, Արություն․ էստեղ ամեն ինչ զարհուրելի է։ Մի կողմից էս անդունդները, էս ավերակ վանքերը, էս ահագին բուրգերը, որ ով գիտե քաջքերով չիքն են բոլորն էլ, մեկ էլ կողմից էդ թասի մտիկ տվող կնիկը։ Եթե նա ամեն դարտակ բանի համար խաչին գանգատվի, խաչն էլ ում ասես՝ կպատժի։ Դու պետք է զգույշ կենաս, էդ կնկանը չջգրացնես…

– Ինչո՞ւ պիտի ջգրացնեմ։ Նա ինձ շատ սիրում է։ Անցյալ օրը կանչեց ինձ, թուշիցս պաչեց, ու թե՝ «ես ձեր զեղումն էի, քու