Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/100

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այդպես չէր Մանվելը. նա, ինչպես կասեն՝ «ցեխծամ» էր տալիս. ուտում էր ակամա, և չէր էլ մարսում։ Նա շատ էր սիրում, որ բերանացի նրան պատմեն զարմանալի, հրաշալի, զվարճալի և առհասարակ սրտի վրա ազդող բաներ, բայց միտքը լծի տակ չէր դնում։ Միտքը հոգնեցնելու, վարժելու, ինքնուրույնաբար մի բան սովորելու տրամադրություն չուներ։ Սրա հակառակ Արությունը մի բանի համառոտը լսելով նրա ընդարձակն ինքն էր սովորում․ նրա այս տրամադրությունն այնքան կրթվեց և զարգացավ, որ ինքն իր վրա բարկանում էր երբ ուրիշներից էր լսում այն, ինչ որ կարող էր ինքն էլ գիտենալ ու ինքն ասեր նրան։ Վերջապես Արությունն «ասողիկ» էր, ձգտում ուներ ասող լիներ՝ քան լսող, իսկ Մանվելը այդ նախանձի ցավը չուներ. նա տրամադիր էր միայն լսելու և դրանում էր գտնում նա իր ցանկության լրումն։ Մտքերի այս տարբերությունը նրանց ավելի էր մոտեցնում և օրեցօր ավելի սերտ սիրով կապում։ Մանվելը հիանում էր Արությունի ընդունակությունով և նրան պաշտելու չափ սիրում։ Արությունն էլ տեսնելով Մանվելի առ ինքն ունեցած անկեղծ սերը՝ երջանիկ էր համարում իրան, որ մի համակրող ունի և փոխադարձաբար սիրում էր նրան. միայն ինքն իշխող էր հանդիսանում միշտ, իսկ Մանվելն իշխված։ Բայց այդ թվելի չէր ոչ մեկին և ոչ մյուսին, որովհետև հառաջ էր գալիս բնականապես և ոչ գիտությամբ։ Երկուսն էլ ազատ էին ցուցամոլությունից, սնափառությունից, և ապրում էին ինչպես մեծ ու փոքր եղբայրներ։

Բ
ՍԿԻԶԲՆ ԵՐԿԱՆՑ

Մեկ օր՝ կեսօրից հետո՝ Արությունն ու Մանվելը ման էին գալիս Խոջի վանքի գերեզմանատանը, որ այն ժամանակ հավլաբարցոց միակ զբոսատեղին էր, կարդում էին այս և այն գերեզմանագիրը, և գովում կամ փտնում էին շարադրողին կամ փորագրողին։