Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/101

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է

— Արություն, տեսնես աշխարհքիս մեռելնե՞րը շատ կլինեն, թե՞ սաղերր,— ասաց Մանվելը նստելով մի գերեզմանաքարի վրա։

— Քո տունը շինվի, Մանվել, բա էդ էլ չգիտե՞ս։

— Իմ մտքով՝ պետք է որ սաղերը շատ լինին. որովհետև մարդիկ տարեցտարի ավելանում են, հո չեն պակասում. մեկ խոսքով ծնվողների թիվը շատ է, քան մեռնողների։

— Զարմանալի մարդ ես դու, Մանվել. ինչքան մեծանաս, էլի պիտի երեխա մնաս։

— Ի՞նչպես։

— Ասում ես՝ ծնվողների թիվը շատ է՝ քան թե մեռնողների, բայց չես մտածում, որ աշխարհի ստեղծելուց մինչև հիմա ո՞րքան մարդիկ կլինին հողի տակն անցած, որ եթե հանկարծ վեր կենային՝ չէին տեղավորվիլ հողագնդի վրա։ Վերցնենք՝ օրինակի համար՝ հենց մեր քաղաքը։ Ո՞վ գիտե՝ քանի անգամ կլինի սա մեծացած, էլի ոչնչացած. ժանտախտ է գալիս, սով է լինում, պատերազմ է լինում, բայց դրանք էլ որ չլինեն, բավական է՝ որ բոլոր ծնվողները՝ շատ ապրեն թե քիչ՝ պիտի մեռնին, բայց մեռածները նոր մեկանց վեր չեն կենում...

— Ես լավ չեմ հասկանում. ինձ թվում է, որ մարդիկ տարեցտարի շատանում են, չեն պակասում։ Մեր գեղն առաջ տասը տուն էր, հիմի դառել է քսան տուն, էնպես էլ ամեն տեղ։

— Դու սաղերը սաղերի հետ ես համեմատում։ Ի՞նչպես ես կարծում ուրեմն, եթե աշխարհիս երեսին մահ ասածդ չլիներ, մարդիկ երկու էնքան կլինեին, ինչքան հիմա կա՞ն, թե՞ ավելի շատ։

— Սպասիր մտածեմ... Չէ՛, մեռածները շատ կլինեն, որովհետև՝ դու լավ ասացիր՝ ծնվածները բոլորն էլ մեռնում են։ Եթե համարենք, որ մարդ շա՜տ, շա՜տ որ ապրի, հարյուր տարի պիտի ապրի. եթե դրանից վաղ մեռնողներին չհաշվենք էլ, էլի բանից դուրս է գալիս, որ մեզանից հարյուր տարի առաջ սկսած մինչև աշխարհիս ստեղծվիլը ինչքան որ ծնվածներ են եղել, բոլորն էլ մեռել են... Օ՜հ... իրավ որ ինչքա՜ն շատ պիտի լինին մեռածները։ Զարմանալի մարդ եմ ես, Արություն, սրանից հեշտ բան չի լինիլ, բայց չեմ կարողանում իսկույն