Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/105

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եթե ոչ, ես դրա ճարը կգտնեմ։ Մարդկանցից մինը չի համաձայնում, ասում է՝ դու մեզ խաբեցիր, սաղ գիշերը բանեցրիր, հիմի էլ ուզում ես փախչիս, մեր փողը հետդ տանես։ Բեր մեր փողը ետ տուր, թե չէ՝ տեսնում ե՞ս, քեզ կգցենք էս մեր փորած փոսը, հողը վրեդ կածենք, դու կմնաս էս գերեզմանումը, էլ ոչովի չես խաբիլ... էս որ լսում է ջինդարը, սաստիկ բարկանում է. «Դու, ասում է, ինչպե՞ս կհամարձակիս էդպես խոսք հանել բերանիցդ. էս սահաթիս ձեռս բարձրացնեմ, հարյուր հազար սատանա կգան, քո մեծ պատառը ականջդ կթողեն, գիտե՞ս թե չէ»... Էս սուտ սպառնալիքից էնպես վախում են մեր մարդիկը, որ ասում են. «Խալիփա, մեր տված փողը քեզ հալալ ըլի, միայն թե մեզ մի վատ բան չանես»․․

— Այ թե խաբել է, հա՜...— բացականչեց Արությունը։— Իրանց որդոց կարդացնելու համար փող չեն տալիս, թե աղքատ ենք, ջինդարներին թումաններով են տալիս։ Մանվել, ես էդ ջինդարի գրերից էնքան ժողովել էի, էնքան արտագրել, որ ով գիտե մի փութից ավելի լիներ։ Ոչովից չէի թաքցնում. ամենքն էլ գիտեին, որ իմ վարժապետն էդ բանը լավ էր իմանում։ Բայց ես գործ չէի դնում, վախենում էի. ասում էի՝ վա՜յ թե սատանան իր գիշատեսիլ դեմքով առաջիս կանգնի, լեղիս պատռե։

— Զարմացք բան է, շատ անգամ հո տեսնո՞ւմ են որ խաբում են, սուտ են ասում, էլ ինչո՞ւ են հավատում։

— Էդ էդպես է, բայց շատ անգամ էլ ուղիղ է թվում։ Որտեղ որ չկա առողջ դատողություն, ինչ մարդ որ հասուն խելք չունի, այլ երևակայություն և վառ երևակայություն, նա իսկ և իսկ կախարդվում է,— սիրահարվում է, գժվում է, մինչև անգամ առողջանում է։ Էսպես դեպքեր, թեպետ քիչ՝ բայց պատահում են, էդ քիչն էլ բավական է, որ մի հարյուր սուտ նրա հետ անց կենա։

— Ես էդ չեմ հասկանում։

— Ի՞նչ կա չհասկանալու։ Դու ինքդ չասացի՞ր, որ ձեր գեղի քաջ տղեքը մի շվաքից վախենում են և սարսափահար մեռնում։ Էսպես էլ մեկէլ բաներն իմացիր։ Նա էդպես դեպքերում տեսնում է էն, ինչ որ չկա. նա ձայն էլ է լսում, թեպետ ոչ մի ձայն հանող չկա։ Նրա երևակայությունը խանգարվում