Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/106

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է, և ինչ որ պիտի զգայարանքներից ստանար, երևակայությունն է թելադրում զգայարանքներին։ Նա տեսնում է գիշերվա մթնումը մի հասարակ շվաք։ Նրա երևակայությունն էդ շվաքից մի հրեշ է ստեղծում, աչքն էլ էդպես է տեսնում։ Կարծես շարժո՜ւմ լինի, երևակայում է նա, և սկսում է շարժիլ, կարծես գլո՜ւխ ունենա, բսնում է մի ահագին գլուխ՝ ի՜նչ երկայն ձեռներ ունի, ձեռները մեկնվում են՝ օ՜... ուզում է բռնել ինձ. բռնվում է, ընկնում է հրեշի ճանկը և ուշաթափ վայր ընկնում...

— Էդ ես հասկանում եմ, «վախի աչքերն, ասած է, մեծ-մեծ կլինին»։ Բայց ինչպե՞ս կարելի է սիրահարվիլ․․․

— Էլի միևնույն կերպով։ Նա լսում է, որ իր համար սիրո գիր են արել։ Նա հավատում է, երևակայում է, որ արդեն բռնված է, ընկել է վանդակի մեջ, նա զգում է, որ սիրահարված է. գիշեր-ցերեկ դրա վրա է մտածում, չարի միջամտությունը նրա հանցանքը թեթևացնում է հասարակաց կարծիքի առաջ, և նա թուլանում է, ազատություն է տալիս իր սերին, եթե մանավանդ առաջ էլ իրանում մի քիչ հակում է եղել։ Վարպետ ջինդարները հեշտությամբ սիրո գիր չեն անում։ Նրանք առաջ իմանում են, թե ի՞նչ հանգամանքի մեջ են դրված երկու ապագա սիրողները։ Նրանք էդ վարպետությունը ցույց չտալու համար՝ գտնում են նրանց աստղերը, որ տեսնեն ինչ հարաբերության մեջ են նրանց աստղերը, իրար կմոտենա՞ն թե ոչ։ Երբ որ տեսնում են, թե բանը շատ հեշտ է, միայն մի քիչ վստահություն է պետք, էդ վստահությունն էլ հառաջ է գալիս ջինդարի գրի ազդեցությամբ։ Իսկ երբ որ տեսնում են, որ դժվար է կամ անհնարին, ասում են՝ «ձեր երկուսի աստղերը իրար չեն մոտենում, չեն բռնում»... Բայց մի հասարակ դեպքը, պատահմունքը հազարավոր սուտեր է ստեղծել տալիս, մինը քան զմյուսը հրեշավոր և հավատացնում ժողովրդին։ Օրինակ ասում են՝ ջինդարը երես առ երես խոսում է դևերի հետ։ Էդ իրավունքը նա ձեռք է բերում չըլա մտնելուց հետո։ Նա փակվում է մի առանձին տեղ, իր չորս կողմով մի խազ է քաշում գետնի վրա և սկսում կարդալ գրքի աղոթքները, որ անհասկանալի բառեր են և անթիվ դևերի անուններ։ Դևերը սարսափում են, որովհետև պիտի գերի ընկնին