Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/108

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այնուհետև։ Սա է հրաշագործության աղբյուրը, հիմքը, քանի որ սրան հավատում է ժողովուրդը, բոլոր մնացածները չնչին բաներ են։ Սատանան ի՞նչ չի անիլ, պրծավ գնաց։

Այնուհետև հավատում են, որ այսինչ ջինդարը իր երկենացրած եղունգի վրա մի քանի խազ է քաշում թե չէ, ով ինչ արած է լինում, իսկույն ասում է։ Եղունգն էլ մի խորամանկ տնտեսություն է հնարագետ ջինդարի համար, էլ թղթի ծախս չի անիլ։ Նա, ասում են՝ եղունգի վրա մի քանի խազ է քաշում թե չէ՝ իր ուզած կնիկը փողոցով անց կենալիս բոլոր խալխի միջին տկլորվում է, հենց իմանում է, թե ինքն է Եվան՝ դրախտի մեջ կանգնած։ Նրա աչքին, ասում են, ոչ մի մարդ չի երևում, ականջը ոչ մի ձայն չի լսում, հենց իմանում է, թե դրախտի մարմարե ավազանների մոտն է կանգնած, մերկանում է, որ լողանա․․․

Էս դեռ ոչինչ. անշունչ առարկաների վրա էլ է ներգործում նրանց արած գրի զորությունը։ Ասում են՝ մի ջինդար խալիփա իր աշակերտի մորը հավանել է,․ աշակերտին սովրեցրել է, թե՝ «Որ գնաս տուն, մորդ գլխի մազիցը մինը թաքուն պոկիր, բեր»։ Միամիտ աշակերտը որ գնում է տուն, մերը գլուխը լվանում է եղել․ ձեռքը մեկնում է, մի մազ պոկում։ Խորամանկ մայրը հասկանում է իսկույն, իմանում է, որ բանի միջին բան կա, չի խոսում, բայց երեխի ձեռիցը մազն առնում է, մտնում տուն, մի գոմշի կաշվից մի մազ է պոկում ու տալիս տղին։ Երեխեն մազը տանում է վարժապետին է տալիս, ասում է՝ «Մորս գլխիցն է»։ Վարժապետը գործ է դնում մազը թլիսմի հետ, մեկ էլ տեսնում են հրես... ո՜վ հրաշք... գոմշի կաշին գեղամիջովը թրա՜խկ հա թրա՜խկ, վազում է սիրահարված ու գժված դեպի ջինդար խալիփի տունը...

— Ո՜ւհ, ի՞նչ ծիծաղ կլիներ, թե որ ըղորթ լիներ,— ասաց Մանվելը ծիծաղելով․․․

— Հապա՜... Էսպես հազար ու մեկ առասպելներով ժողովրդի մեջ բույն է դրել սնահավատությունը։ Բայց դու զարմանում ես, ասում ես՝ ինչի՞ են հավատում։ Միտդ չէ՞, թե մենք ինչպես էինք հավատում թասի մտիկ տվող պառավին Շամշուլդու բերդումը։