Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/109

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ճշմարի՜տ որ... Ասենք մենք երեխա էինք, չէինք հասկանում, բայց զարմանալին էս է, որ պառավներն ավելի են հավատում։ Էդպես բաներով լիքն են մեր գեղերը, էլ ասեղ վեր գցելու տեղ չկա, էնպես է տարածված նախապաշարմունքը։ Նստում են թե վեր կենում, ուտում են թե հագնում, երազ են տեսնում թե մի անսովոր բան, փռշտում են թե հազում, աչքն է խաղում թե գլուխը ցավում, բայղուշն է ծվծվացնում, թե շունն ոռնում, աղվես է պատահում թե նապաստակ, մի խոսքով՝ էլ չար աչք ասես, չար հրեշտակ ասես, ամեն բանում, ամեն քայլափոխում մի նոր փորձանք են ստեղծում իրանց համար ու տխրում, տրտմում։ Խելոք մարդկերանց համար կարելի է դրանք ոչինչ բաներ են, բայց այդ խելոքները չեն իմանում, որ էդ ոչինչ բաները մի-մի ախտ, մի-մի ցավ են։ Վերցնենք հենց խաչի ղուլերին, նղավող հարսներին։ Մեզ մի ճոն հարևան ունինք, խեղճը քանդվել է իրա կնկա ձեռիցը՝ շատ էս խաչն ու էն խաչը տանելով։ Ես ինչպես տեսնում եմ, էս քաղքցիք ավելի են հիմար, քան թե մեր գեղցիք։ Արություն, դու նղավող հարս չես տեսե՞լ։ Տեսնես դրանք ճշմարիտ խոսելու ցավ ունի՞ն, թե՞ ջինդարների պես դրանք էլ են խաբում։

— Դրանք երեք տեսակ են, իմ տեսածների համար եմ ասում. կարելի է շատ տեսակներ կան։ Մի տեսակը կա, որ միայն նղավում է իսկապես և ոչինչ չի խոսում։ Մի տեսակ էլ կա, որ, աստված հեռու տանե, տեսնելիս մարդ զարհուրում է։ Նրա մարմնի մեջ ընկնում է մի սոսկալի ցնցում, դող․ ձեռք ու ոտքը էնպես են ցնցվում, շարժվում շուտ-շուտ, որ խելքը գլխին մարդը իր կամքով, որքան կուզի ճարպիկ ու արագաշարժ լինի, չի կարող էդպես շուտ-շուտ շարժել։ Նոր մորթած հավն ինչպես է թեպրին տալիս, կամ նոր մորթած ոչխարն ինչպես է շարժվում, դողդողացնում ոտները. ահա էդպես շարժվում են նրա բոլոր անդամները։ Բայց շատ չի քաշում, միայն կես ժամ, ավելի չէ։ Էդպեսները առաջ ապշում են, հետո սկսում են երգել, բայց հետզհետե երգի եղանակը փոխվում է, սկսում են օռնալ, ղլղլացնել, բլբլացնել, հետո սկսում են ձեռք ու ոտքը գետնին զարկել, կամ ձեռներով իրանց կուրծքին խփել։ Դա շատ քիչ է պատահում, բայց պատահած ժամանակ