Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/110

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

փորձառու մարդիկը ձեռք չեն տալիս, չեն բռնում, գիտեն, որ բռնելն ավելի վատ է։ Տանջանքն անցնելուց հետո նա իսկույն ուշքի է գալիս, կարծես խոր քնից կամ մի զարհուրելի երազից։ Ուրիշ բան չեն զգում, բացի հոգնածությունից։ Բայց երրորդ տեսակը մի կատարյալ հարսանիք է, մի ճարպիկություն, խորամանկություն է՝ ուրիշ ոչինչ։ Ներկայացրու քեզ մի տուն։ Նրա մեջտեղը յորղան դոշակի մեջ ձգվել է մի սիրուն, շարմաղ, կամ մի դեղնած սփրթնած բոշի կերպարանքով, մարդիցը դժգոհ մի հարս, կամ տանը մնացած մի պառավ աղջիկ։ Թաղի կնանիքը, հարսներն ու աղջկերքը հավաքվել են տունը լցվել, որ կենդանի մեռելի սուգն անեն, և հենց սգում էլ են շատերը։ Հարսի մարդը գլխավերևը կանգնել է, ձեռներր խաչ արել, վիզը ծռել, մի խոսքով՝ իր դեմք ու կերպարանքին մի այնպիսի տեսք է տվել, որ կասես իր կյանքի վերջին րոպեն եկել հասել է, հիմի ուր որ է, պիտի դատավճիռը կարդան երեսին ու տանեն կախ տան, խեղդեն։ Հենց էսպես էլ պատահում է։ Հարսն սկսում է մի քիչ չարություն անել, իր երեսին սիլլա է տալիս, մազերիցը քաշում։ Մոտը նստող կնանիքը շուտով ձեռներիցը բռնում են, նա էլ իբր թե ակամա հանդարտվում է։ Ուղարկում են Նարեկի, Ավետարանի հետևից, որ գլխի տակին դնեն, ով մի աղոթագիրք ունի, մի աստվածաղերս, մի Եփրեմ-Խորի, մի Կիպրիանոս, կամ մի թլիսիմ, մի բժժանք, բերում են գլխի տակին դնում։ Պատերին մոմեր են վառում իր հասակի երկայնությունով, խունկ են ծխում, կասկարանքը ոտնիվեր են դնում, շամփուրը կամ մի քոռամեխ գետնին ցցում։ Հարսը որ տեսնում է իրան անհոգ չեն թողում, ամեն բան պատրաստեցին, կատարեցին, բոլոր թամաշավորները հավաքվեցան, այնուհետև սկսում է խոսիլը․․․ — Կորե՜ք, կորե՜ք, անիծվածներ, իմ աչքը ձեզ չտեսնի... Ես քու աչքերդ կհանեմ, անզգամ, էլ լայեղ չես անում մոտս գաս հա՜... Չեն թողում հա՞... Ո՞վ չի թողում... մարդդ չի թողում, հա՞․․․ Ես դրան նշանց կտամ, դրա աչքերը կհանեմ. չոքեչոք մոտս կբերեմ. դա շատ է կատաղել. էլ ո՛չ խաչի է հավատում, ո՛չ նրա ղուլին... քեզ թակում է հա՞... Ես դրան թակել նշանց կտամ, ես դրան էնպես թակեմ, որ օխտը տարի տեղիցը վեր չկենա․․․ Էհե՜յ, ա՜յ քիթը ծուռ կնիկ, ինչի՞ ես