Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/112

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է

է, պիտի շինել տաս»։ Նրա ասած վանքատեղն Էլ մի ավերակ թուրքի մատուռ էր։

Հապա՜, Մանվել, իզուր չի Աղասին արտասուքն աչքերին ասում. «Մարդս որ ծնվում է, մեկ գունդ մսից ավելի ոչինչ չենք տեսնում. տարիք են անց կենում, որ քիչ֊քիչ ոտն է ըլում, քիչ-քիչ լեզու, ուշ ու միտք գալիս... Բայց վա՜յ էն էրեխին, վա՜յ էն ազգին, որ աչքը էնպես գոգում բաց կանի, որ լսի տեղ խավար կտեսնի, աչքը բաց՝ դուզ ճամփեն կթողա, քարեքար կընկնի. վա՜յ էն ազգին, որ բնական օրենքը կթողա, անբնականին կհետևի, որ էնպես խրատ տվող չի ունենալ, որ նրան հոգի տա, և ոչ հոգին էլ հանի։ Յարաբ որ լավ կարդացնող էր էլել, էրեխեքանց ջոկ, ժողովրդին ջոկ, գիշեր ցերեկ խրատ էր տվել, կարդացրել, լուսավորել էր, հիմիկ մեր ազգը է՞ս հալին կլիներ, է՞ս տեղը կընկներ»...

— Իհարկե էն ժամանակն էլ էսպես չէր լինիլ,— ասաց Մանվելը,— բայց ո՞ւր են մեզանում նրա ուզած կարդացնողները, էլածներն էլ ավելի խավար են տարածում, քան թե լույս․․․ ունքը շտկելու տեղ աչքն էլ են հանում։ Գնանք, գնանք, Արություն, վեր կաց գնանք, մութն ընկնում է... Մենք մեր դարդը թողած՝ գեղցոնց վրա ենք միտք անում, նրանց դարդն ենք քաշում...

— Մենք ի՞նչ դարդ ունինք, փառք աստուծո,— ասաց Արությունը և սկսեցին քաշվիլ դեպի տուն։

— Ինչպե՞ս թե ի՞նչ դարդ ունինք։ Շորերս մաշվել է, գրքի փող չկա։ Ախպերքս չեն օգնում, հերս կենդանի չէ, ուտելիք չեն ուղարկում, որ գոնե կերածս աչքներին չերևա։ Դու հո լավ գիտես սրանց բնությունը, մարդի բերնի թիքեք համբրողներ են։ Խեղճ քույրս իր կարավարձը դիփ ինձ վրա է մսխում, բայց դրանով ի՞նչ պիտի դառնա։ Դու էլ հո իմ օրումն ես, էլ ինչո՞ւ ես ասում, թե դարդ չունինք։ Դե արի խելք խելքի տանք, մտածենք, տեսնենք ի՞նչ պիտի լինի մեր ճարը։

— Ես շատ եմ մտածել, Մանվել, բայց ոչինչ հնար չեմ գտել։ Էգուց գնանք Օվակիմի մոտ, նա փորձված մարդ է, կարելի է մի ճանապարհ ցույց կտա մեզ։ Ազատ մտածելու առաջին քայլը երկմտելն է։ Մարդ մինչև չերկմտի, թե ուղի՞ղ է արդյոք իր այս կամ այն համոզմունքը,