Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/113

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չի էլ կարող նրա սուտն ու ճշմարիտն իմանալ, և ոչ ուրեմն ինքնաճանաչության կգա։ Բայց երկմտելն այնքան հեշտ բան չէ. դա հազարից մեկի հետ չի պատահում։ Երկմտությունը մի տարակուսություն, մի կասկած է հառաջ բերում, հետո դառնում է մի հուզմունք, մի խռովություն և ի վերջո մի պատերազմ, որ անխնա քարուքանդ է անում դարերով սրբացած մի մտավոր ու բարոյական աշխարհի բոլոր խախուտ շենքերը։ Այդ պատերազմն այնքան ահեղ է լինում, որքան պատերազմողը ինքն իրան մինչև այն օրը խաբված է համարում, որքան նա զգում է, որ ինքը մի ստրուկ, մի գերի է եղել։ Մեր պատանիները դեռ չէին հասել այս աստիճանին, դեռ նոր էր ծլում մանանխո հատը նրանց մատաղ ուղեղի մեջ, նրանց պահանջը դեռ շատ փոքր էր։ Բայց Արությունի մեջ ապագա կռվասեր զինվորի նշաններն երևում էին արդեն։ Մի ծայրահեղությունից դեպի մյուսը թռչելու հակումն ուներ նա։ Տեսնե՜նք։ Տարաբախտաբար նրանք ապրում էին մի այնպիսի ժամանակ, երբ ուսումնառությունը մի անհրաժեշտ պահանջ չէր. երբ չքավոր աշակերտներին օգնելու, կարեկցելու սովորություն չկար. երբ չկար գնահատություն շնորհքի, տաղանդի, և հանճարի տեր մարդը համարվում էր խելագար, կամ առնվազն՝ հերետիկոս։ Ամեն ոք ինքը պետք է իր համար ճանապարհ բաց աներ հայկական խոպանացած անդաստանի վրա, և այդ էլ շատ քչերին էր հաջողում...

Գ
ՕՎԱԿԻՄԻ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆԸ

Առավոտյան ժամի տասնին՝ Օվակիմը նոր արդեն վեր էր կացել տեղիցը և խալաթը հագին՝ գրասեղանի մոտ նստած՝ թեյ էր խմում, բայց ընկղմած լինելով մի խոր մտածության մեջ, թեյը նրա աչքին չէր երևում։ Նախընթաց երեկոյին մինչև կես գիշեր նա մի նոր գիրք էր կարդացել և նրանում գտնելով իր իսկ մտածմունքների հաստատությունը՝ սկսել էր ավելի ևս հափշտակվիլ և հիմա էլ