Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/114

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դեռ նրա վրա էր մտածում և ինքն իրան մռմռում, խոսում, ոգևորվում։ Վերջապես երբ նրա խելքն ու միտքը մի ճարտար հռետորի դեր սկսեցին կատարել, նա այդ միջոցին տաք թեյի լիքը բաժակը թերատ կարծելով՝ հանկարծ վրա բերավ թե չէ՝ այնպես վեր թռավ տեղիցը, ինչպես տաք ջուր գլխին ածած...

— Վա՜յ ես քու չայ մոգոնողին ի՞նչ ասեմ,— ասաց Օվակիմը բերան֊մերանը սրբելով, բայց չկարողանալով թույլ տալ իր մտածությունը, որ իրան սաստիկ գրավել էր, սկսավ սենյակի մեջ անց ու դարձ անել ու ինքն իրան խոսել։ Ցույց տալու համար, թե ինչպես էր Օվակիմը երբեմն ինքն իրան դելը տալիս, մեջ բերենք նրա այժմյան կցկտուր և խառնափնթոր դատողությունը։ Սակայն պետք եմ համարում առաջուց ասել, որ Օվակիմը մեծ ուսում չուներ. և ո՜վ ուներ այն ժամանակ մեծ ուսում, որ նա ունենար։ Նա իր ժամանակի ընթերցասեր և ընթերցասիրություն տարածող մարդկանցից մեկն էր։ Օվակիմը և ուրիշ մի քանիսը անձամբ կամ գրավոր հարաբերություն ունեին իրանց ժամանակակից ուսումնական և բանասեր հայերի հետ, ինչպես Թաղիադյանցի, Աբովյանցի, Շահնազարյան Կարապետ վարդապետի, որոնք մասամբ նոր ուղղության տեր էին և այդ ցույց էին տալիս ոչ այնքան իրանց տպագրություններովը, որքան բերանացի խոսելով և նամակագրությունով։ Օվակիմը Թաղիադյանցի գրավոր աշխատությունների ջերմեռանդ տարածողն էր. նա երբեմն աշակերտակից էր եղել Խ. Աբովյանցին և վերջերումը նրա մերձ բարեկամներից և համակրողներից մեկն էր։ Այսպես՝ մեր Օվակիմը մի ուսումնասեր մարդ էր և ոչ ուսումնական։ Նա վերացական խնդիրների վրա մտածող մարդ չէր, նա գիտնական չէր և ոչ բանաստեղծ։ Նրա փիլիսոփայությունը վերաբերում էր առօրյա կյանքի երևույթներին, բայց նպաայդ երևույթները շատերի նման մի պատահական բան չէր համարում և ոչ մի աներևույթ ձեռքում խաղալիք, այլ նշմարում էր նրանց մեջ մի անխախտ օրենք, եղած դժբախտությունները համարում էր անհրաժեշտ չարիքներ, որովհետև դրանք նույն օրենքի ազդեցությամբ էին կատարվում, ինչպես և բոլոր բարիքները նրանից էին հառաջ գալիս։ «Չկա, ասում էր նա, աշխարհիս երեսին ոչ մեղավոր և ոչ արդար մարդ»։ Ասում էր՝ «Մեղավորը