Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/115

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեղավոր չէ, որ ինքը մեղավոր է, և ոչ արդարն է արդար, որ ինքն արդար է»։ Ահա այսպիսի մի տարօրինակ ոճ ուներ Օվակիմի փիլիսոփայությունը։

․․․Այո՛, այո՛, ո՞վ կարող է սրա ընդդեմ բան ասել. այս անհերքելի ճշմարտություն է. այսպես խոսում էր ինքն իրան Օվակիմը։ Ո՛վ ինչպես կա՝ կա. նա ուրիշ կերպ լինել կարող չէ. ուրեմն «մեղադրել» և «գովել» բայերը պետք է իմ մտքի քերականությունիցը հեռանան։ Պիտի ասեն՝ «Եթե մեղադրել կամ գովել կարելի չէ, էլ ի՞նչ ասել է ուրեմն դատաստան, դատապարտություն, վարձատրություն, չար և բարի, մոլություն և արդարություն, վերջապես դժոխք և արքայություն»... «Եղբայր սիրելի, կասեի ես այդպես ասողին, դու իմ գլխին Նարեկ մի՛ կարդար, ես խենթ չեմ. դու առաջ լա՛վ հասկացիր, տես ես ի՞նչ եմ ասում։ Իմ ասելս այն է, որ մարդուս կյանքը մեկ է, և նրա նպատակը մեկ։ Բայց ի՞նչ է նրա նպատակը։ Չգիտե՞ս։ Շատ լավ։ Ինչո՞ւ է ծնվել։ Էլի չգիտես։ Բայց ի՞նչ կա այստեղ չգիտենալու։ Չգիտես նրա համար, որ չես ուզում գիտենալ այն, որ կարող ես գիտենալ, բայց ուզում ես այնպես բան գիտենալ, որ ոչ ոք չի կարող գիտենալ։ Ծնվել է երեխան. այստեղ հարկավոր չէ փիլիսոփայություն. նա ուտել կուզի, նա ապրել կուզի, նա ծնվել է ապրելու համար։ «Ամենայն կենդանի բնականաբար, աստվածային անխախտ օրենքով, նրա մի անգամ ընդմիշտ դրված հրամանով, պետք է մի գործով զբաղի, մի նպատակի դիմե, այն է՝ աշխատի ապրել, որովհետև նա ստեղծված է ապրելու համար։ Չապրել կնշանակե ընդդեմ գնալ ստեղծողի կամքին. բայց տյդպիսի ընդդիմություն չի ցույց տալ ոչ մի էշ, ոչ մի գազան, ոչ մի թռչուն, այդ տեսակ հիմարություն միայն մարդը կարող է անել, բայց ոչ առողջամիտ մարդը։ Մարդը բանական կենդանի լինելով՝ առավել ևս ընդունակ է հեշտությամբ բարելավացնելու իր ապրուստի հնարները։ Այս նրա ճակատագիրն է, այս նրա նպատակն է, քաղցածությունը մի խթան է, և նրան միշտ կստիպի ուտելու բան ձեռք բերել ապրելու համար։

«Ամեն ինչ առուտուրի պես մի բան է։ Ո՛ւմ ի՛նչ պետք է, էն կառնե, ո՛վ ի՛նչ ունի՝ էն կծախե։ Կպատահի, որ ոչ առնող