Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/118

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Իմաստունը հիմար բանի վրա կծիծաղի, հիմարը՝ խելոք բանի։ Հայը оրուջը չի պահիլ, թուրքը՝ մեծ պաս։ Ինչ որ մեկի համար սուրբ է, մյուսի համար պիղծ է։ Թուրքն ևս նույնքան առողջ դատողություն ունի, ինչքան և հայը։ Բայց ոչ մեկը չի կարող չլինել այն, ինչ որ է։ Ով ինչ կարող է լինել, չի կարող չլինել, ով ինչ կարող է անել, չի կարող չանել։ Ազգասեր մարդը չի կարող ազգասեր չլինել, ինչպես որ բարակացավ ունեցողը չի կարող չունենալ այդ ցավը։ Ոչ ոք թող չպարծենա, թե ես այս արի և այն չարի, որովհետև նա չէր կարող չանել, ինչ որ արավ, և անել ինչ որ չարավ։ Սրա պատճառը պետք է փնտրել նույն մարդի մտքումը, հոգումը, մարմնումը, նրա շրջապատ դրդող հանգամանքներումը. բայց այս դեռ բավական չէ, պետք է փնտրես նրա հոր մեջ մոր մեջ, պապի, ապուպապի տատի, ատուտատի, և այլն, մինչև կհասնես Ադամին ու Եվային, հետո էնտեղից ետ կդառնաս նոր մեկանց ու կամաց֊կամաց, ուշի ուշով, մեծ հետաքրքրությունով ու նկատողությունով առաջ գալ, քննելով նրանց եկած ճանապարհը, որ տեսնեն նրա նախնիքների գլխով ինչե՞ր են անց կացել, որտե՞ղ է նրանց ոտը փուշ մտել, որտե՞ղ ձեռքը կամ ոտքը կոտրվել, որտե՞ղ ինչ արել, ի՞նչ խոսել, ի՞նչպես մտածել, ինչի՞ց զրկվել, ի՞նչ ավելացրել և այլն, և այլն։ Ինչևիցե, իմ խոսքը ձեր ուսումնարանի վրա էր, բայց ես հեռու գնացի. երևի չէի կարող շհեռանալ։ Ձեր վերատեսուչը մի շատ պարկեշտ ու բարոյական մարդ է. կարծես հին Հունաստանից եկած մի նոր Սոկրատ լինի։ Խոսք չունիմ, բավական խոհեմ ու գիտնական մարդ էլ է, բայց շատ է խեղճ։ Թեպետ էս էլ պետք է ասեմ, որ թեկուզ խեղճ էլ չլինի, էդ գազանների մեջ ոչինչ չի կարող անել։ Շատ ափսոսացի, որ հրաժարվել է կամ հրաժարեցրել են։ Հապա դուք ի՞նչ էիք անում մինչև հիմա, կամ ի՞նչ եք մտադիր անելու այսուհետև։

— Ինչպես որ դուք խորհուրդ կտաք, մենք էլ էնպես կանենք,— ասացին մեր պատանիքը միաբերան, որ մինչև այն րոպեն լուռ ու մունջ և ուշի ուշով լսում էին Օվակիմի խոսքերը և տեղավորում իրանց մտքի մեջ, որ հետո իրանք էլ նույն խոսքերն ուրիշներին ասեն և լուսավորեն ժողովրդին...