Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/121

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է

հո մեզ չե՞ն տվել։ Մի գլուխ ունինք, ինչպես լինի, կպահենք, նոր չենք հագնիլ, հին կհագնինք, ո՞վ պիտի մեր ձեռքիցը բռնի, մենք չե՞նք մեր գլխի տերը։ Հրեն ղազախեցի Մարտիրոսը, որ մեր կիսի չափ բան չի իմանում, վարժատուն է բաց արել, երեխեք է կարդացնում։ Դու չե՞ս տեսել նրա վարժատունը․․․

— Ի՞նչպես չեմ տեսել։ Անցյալ օրը պատահեցա. ասում եմ՝ ի՞նչպես ես, ուսումնարանդ ի՞նչպես է հառաջ գնում. թե՝ լա՛վ, փառք աստուծո, կիսին չեմ արժանի․ հիսուն աշակերտ ունիմ։ Աշակերտներիս հայրերը ամենքն էլ շնորհակալ են։ Մի կյուրակի օր մեկն է հրավիրում, մի տոն օր՝ մյուսը. ես էլ սկսում եմ գրաբար խոսիլ, որքան կարելի է՝ խրթին, որ կարծիք չտանեն, թե ես շատ գիտուն չեմ, բայց հիմի եմ ափսոսում, որ ռուսերենումը շատ եմ բոբիկ, մտիկ եմ տալիս Իրիցփուխովի բառարանումը, որ տեսնեմ ո՛ր տառի վրա է շեշտ դրած, բայց մինչև ամեն բառի վրա մտիկ կանեմ, գլխիս մազը կսիպտակի։ Հետո ինձ խնդրեց, թե՝ մեկ արի «Դրուգ դետեյ»֊իս բառերի վրա շեշտեր դիր․ ես էլ գնացի, մի քանի երեսի վրա շեշտեր դրեցի․ ասացի․ «Դու հայերեն սովրեցրու, ռսերեն երբ լինի՝ կսովորեն։ Թվաբանություն սովրեցրու, որ հաշիվ անել գիտենան»—թե՝ «Թվաբանություն չեմ գիտում»...

— Ի՞նչ թվաբանություն, ի՞նչ բան,— ասաց Մանվելը,— դրանք ոչ մի բան չեն իմանում։ Հրեն տիրացու Սարգիսը, կազմարար Մարգարը, երկենամիրուք տերտերը․․․ ամենքն էլ վարժատուն ունին, երեխեք են կարդացնում, բայց ի՜նչ կարդացնել, մեկ օր մեռլի վրա են, մյուս օր՝ կնունքի, մեկէլ օր՝ մի ուրիշ բանի, էսպես քելեխ ուտելով ման են գալիս, երեխեքը տուն դառած իրար միս են ուտում, իրար շորեր պատռտում։ Ի՜նչ վարժատուն, խոզատունը քեզ օրինակ։ Օրը մեկ ժամ կամ կես ժամ նստում են մոտներին, էդ ժամանակն էլ քանոնը ձեռքներն առած՝ դարտակ բղավում են' «ս․․․ո՜ւ․․․ս կա․․․ցե՜ք... Մի քանի ամիս մի այբբեն են սովորեցնում, մի քանի ամիս էլ մի «անա֊բանա», կամ «էն՝ էրթի փուլի, ման՝ օրի բիստի»․․. Ծիծաղ է, ծիծաղ, Արություն, տեսնո՞ւմ ես ինչպես մարդիկ են ապրում աշխարհիս վրա։ Էդպեսները որ հաց են գտնում՝ ուտում, մեզ ի՞նչ է էլել, փառք աստուծո, որ դրանց կտանենք